-Պիտի նշենք, որ Հայաստանը հետաքրքիր փուլ է թևակոխում: Կառավարության կողմից հայտարարվել է երեխաների պաշտպանության նոր ու արմատական փուլ տեղափոխվելու մասին: Մեզ մոտ կամ ընտանիքն է պայքարում երեխայի իրավունքների համար, կամ պետությունն է առաջարկում կոնկրետ ինստիտուտներ` գիշերօթիկ դպրոցներ և այլն: Այսօր , երբ հայտարարվել է արմատական փոփոխությունների մասին, փաստ է, որ խոսքն արդեն ոչ միայն հաստատություն ուղարկելու, այլ ամբողջական ուշադրության կենտրոնում պահելու, երեխային ընտանիքից չկտրելու մասին է: Մենք` որպես երեխաների պաշտպանության ցանց, տեսնում ենք, իհարկե, որոշակի բացթողումներ: Ինչ է լինում երեխաներին չափահաս դառնալուց հետո , երբ դուրս են գալիս այդ հաստատություններից: Մենք կարծում ենք, որ ճիշտ պահն է շտկումներ անելու: Մեզ հետ շատ լավ համագործակցում է աշխատանքի և սոցիալական ապահովման հարցերի նախարարը, և լսում են մեր խնդիրները: Մենք ենթադրում ենք, որ մի խնդիր ամեն դեպքում կարող է օդից կախվել որպես ռիսկ: Եթե կառավարությունը փորձի դուրս բերել երեխաներին հաստատություններից՝ տալով անհրաժեշտ ծառայությունները, բայց պահպանելով կապը ընտանիքի հետ, պետք է համակարգված աշխատանք արվի: Այլապես կարող ենք հանգել Ռումինիայի օրինակին, երբ Կաթոլիկ եկեղեցին սկսեց միջամտել այդ գործերին,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց «Երեխաների պաշտպանության ցանցի» նախագահ Միրա Անտոնյանը:
-ՄԱԿ-ը, այլ միջազգային կառույցներ առաջնային են համարում երեխաների ընտանիքից չզրկվելը, սակայն, օրինակ, Հայաստանում կա մոտ 40 գիշերօթիկ հաստատություն, որտեղ գտնվում են մոտ 4500 երեխաներ, որոնց 80%-ը գոնե մի ծնող ունի: Մենք չպետք է նաև գիշերօթիկ հաստատությունները հագեցնենք այնպես, որ երեխան զգա տան ու գիշերօթիկի միջև այդքան մեծ տարբերություններ, ու չուզենա տուն գնալ: Մեր վերջնանպատակն է գիշերօթիկներից երեխաներին դեպի ընտանիք տեղափոխելը,- եզրափակեց «Երեխաների պաշտպանության ցանցի» անդամ Գայանե Ասատրյանը: