Ընթանում է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:
Օրակարգում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ նախագծեր:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցին, նշեց, որ հարցը զգայուն է և հարցի վերաբերյալ միանշանակ դիրքորոշում արտահայտելը բարդ է:
«Ասեմ՝ ինչպես եմ հասկացել այն գաղափարը, որն այս նախագծի հիմքում դրված է. պարոն Բադասյանն իր խոսքում հնչեցրեց նաև «Big data»-ի մասին: Այսինքն՝ ո՞րն է դրա իմաստը՝ որ ինֆորմացիան ամեն տեղից հավաքվում է բոլոր հնարավոր տեղերից՝ անգամ մանրուք թվացող տվյալներն են հավաքագրվում ու հետո որոշակի ալգորիթմների միջոցով այդ մարդու հնարավոր վարքագծի մասին տեղեկություններ ու ենթադրություններ են գեներացվում: Ու այդ առումով կարող է անգամ աննշան թվացող ինչ-որ մի հատ SMS-ի փաստը թույլ տա, որ էտ ենթադրությունները կամ եզրակացությունները լինեն: Նույնկերպ, օրինակ, աշխատում են նաև սոցիալական ցանցերը, ու սա ոչ թե դավադրությունների տեսությունից է, այլ հասարակ «Ֆեյսբուքում» մի քանի հատ լայք դնելը կարող է ձեր մասին այնքան ինֆորմացիա տա որոշակի խմբերի, որոնց մասին դուք չեք էլ կասկածում. լայք դնելը, check in լինելը: Առանց գիտակցելու հայտնվում ենք տոտալ վերահսկողության տակ մեր վարքագծի պատճառով: Այստեղ մի հարց է առաջանում. արդյոք մեր կառավարությունն ունի այն տեխնիկական հնարավորությունները, որ կարողանա այդ ինֆորացիան մշակել»,- նշեց Թունյանը: