տուն Քաղաքական Հայաստան Մեր սրտում սեր կար. Գայանե Պողոսյան

Մեր սրտում սեր կար. Գայանե Պողոսյան

787
0

Ես հանգիստ եմ: Ասես՝ սա իմ բնական վիճակն է, ու վաղուց գիտեի վախճանը: Ես փակված եմ վանդակում գիշատիչ գազանի պես: Մենք բոլորս փակված ենք մեր սարքած վանդակներում ու վերջապես բնությունը հանձնել ենք իր իսկական տերերին: Ես աթոռը մոտեցնում եմ լուսամուտին, նստում ու նայում եմ դուրս: Դրսում գարուն է: Պատուհանիս տակ ծաղկել է խնձորենին, բալենու վրա անհամար սպիտակ ծաղիկներ կան, քիչ հեռու վարդագույն դեղձենին է ու էլի մի ծառ՝ յասամանի կողքին, որի անունը չգիտեմ: Մեր շքամուտքի դիմաց, շենքերով օղակված այգում բազմաթիվ սաղարթախիտ ծառեր կան: Ու քանի որ մերձակա խանութը փակ է, այգու մեջ մարդկանց ոտնահետքերով բացված կածանը կանաչել, ծածկվել է խոտերով: Չհասցրիք էդ կածանն էլ ասֆալտել: Ոչ ոք չի թքում խոտերի մեջ, նույնիսկ տաղավարում նարդի խաղացող տղամարդկանց աղմուկը չկա: Ու ծիտիկները չեն վախենում, հանգիստ քայլում են փողոցով: Արևի շողերը շուլալվել են ծառերի ճյուղերին, ծիկրակում են տերևների արանքից: Փողոցի շները ծույլ-ծույլ փռվել են արևի տակ: Կատուները թառել են բազրիքներին, նույնիսկ՝ ծառերի ցածր ճյուղերի վրա: նրանցից մեկը հասել է մեր երկրորդ հարկի պատշգամբ: Կատուները հանգիստ քայլում են շների մոտով, շները խաղաղ են, նույնիսկ չեն շարժվում կատուներին տեսնելիս: Ասես՝ մենք էինք խանգարում նրանց բարեկամությանը, երբ գզում էին իրար՝ առավոտ կանուխ կատաղած ոռնալով ու աղիողորմ մլավելով: Եւ չէին թողնում քնենք:
Բալենու վրա լիքը գույնզգույն թիթեռներ կան, խնձորենու ամեն ծաղկի մեջ մեկական մեղու է հանգրվանել: Ես նայում եմ դուրս՝ օտարի նման: Սա ուրիշ աշխարհ է: Հանկարծ մի ծիրանագույն տատրակ մոտենում է պատուհանին, նստում ճաղի վրա ու նայում ներս: Այդպես ես կենդանաբանական այգում նայում էի վանդակում հետուառաջ քայլող վագրին:
— Ինչ կա, մարդ չե՞ս տեսել,- գոռում եմ ես: Տատրակը չի փախչում:
— Բարև,- ասում է:
— Էդ ե՞րբ ես խոսել սովորել:
— Ես միշտ էլ խոսել եմ, պարզապես, դու շտապում էիր ու չէիր լսում ինձ:
-Հիմա լիքը ժամանակ ունեմ: Մենք փակվել ենք տներում, որ չոչնչացնենք միմյանց: Էս նոր թագավարակը…
— Թագավարակը նոր չէ,- ասաց տատրակը,- ու մարդիկ վաղուց են ոչնչացնում իրար:
— Էս թագավարակը նոր է ու չղջիկներից անցավ մարդուն…
— Այս վարակը մարդկային հոգում ծնվեց՝ չարության, ատելության, նախանձի, ստի, կեղծիքի, նյութապաշտության, քծնանքի տիղմի մեջ, ինչպես որդերն են ծնվում կեղտաջրերում: Հետո թագադրվեց, որովհետև դուք դրան ատելու փոխարեն մեկդ մյուսին ատեցիք: Թագադրված վարակը արագ մեկից անցավ մյուսին, որովհետև չարությունը չարություն է ծնում: Վարակեց միլիոնավորների, միլիարդավորների…
Միլիոնավոր հոգիներ սպանեց: Բայց հոգու կարանտին չեղավ. ոչ մի տագնապ, ոչ մի արտակարգ դրություն, երբ ոչնչանում էր մարդկային հոգին: Մի օր էլ վարակը հոգուց անցավ մարմնին:
— Մի ժամանակ փողոց դուրս գալը, գործի գնալը, հարևանի հետ շփվելը անվտանգ էր…
Ինչ- որ տարօրնակ ձայն լսվեց. ոչ խշշոց էր, ոչ ծիծաղ:
— Էս ինչ ձայն էր,- հարցրի ես տատրակին:
— Խնձորենին ծիծաղեց,- ասաց տատրակը:
— Դու վստա՞հ ես, որ նախկինում հարևանի հետ շփվելը, կամ գործի գնալը անվտանգ էր մարդու համար.- ասաց խնձորենին՝ իր ծառային ձայնով:- քանի՞ սպի կա հոգուդ վրա, հաշվե՞լ ես: Շատ ավելի շատ են, քան մարմնիդ վերքերը:
Ես չգիտեի՝ ինչ ասել…Հոգուս սպինե՜րը:
— Հա, հոգուդ սպիները՝ պատված վրեժի, չարության ու ատելության ժահրով:
— Դու սկսել ես նույնիսկ մտքերը լսել,- հարցրի ես ծառին:
— Ես միշտ էլ լսել եմ մարդկանց մտքերը:
— Մարդը միակն է այս մոլորակի վրա, որը ոչնչացնում է իր տեսակը,- բզզաց մեղուն:
— Մարդը միակն է այս մոլորակի վրա, որ վանդակ է սարքում իր համար,- երգեց թիթեռը:
— Մենք տուն ենք սարքում, ոչ թե վանդակ: Սրա անունը տուն է: Մենք ուզում ենք տանիք ունենալ մեր գլխավերևում ու հատակ՝ ոտքերի տակ…. Մեզ վրա նոր մեղքեր մի բարդեք:
— Աստված բոլորիս տանիք է տվել՝ երկինքը…ու հող՝ մեր ոտքերի տակ,- կռռաց կաչաղակը:
— Դուք վաղուց պետք է փակվեիք ձեր վանդակներում,- հաչեց շունը:
— Քանի դեռ չէիք հոշոտել իրար՝ մինչև վերջին մարդը ,- մլավեց կատուն:
— Քանի դեռ չէիք ջնջել մեր մոլորակը,- ծվծվաց առնետը:
— Ինչու եք եկել, հավաքվել շուրջս,- գոռացի ես: -հեռացեք ինձնից…
— Դու ինձ մի անգամ կերակրել ես,- ասաց տատրակը հանգիստ,- ու ես եկել եմ, որ օգնեմ քեզ:
— Երբ ես պատահմամբ մտել էի քո վանդակը, դու բացեցիր լուսամուտը ու ինձ բաց թողեցիր,- ասաց թիթեռը,
-Իսկ ինձ հանեցիր մեղրի բանկայից ,- ասաց մեղուն:
— Երբ ես փոքր էի, տղաները քաշում էին պոչիցս, դու ինձ փրկեցիր,- ասաց շունը:
— Իսկ ինձ կաթ ես տվել, երբ հիվանդ էի,- ասաց կատուն:
— Չես թողել, որ կոտրեն ճյուղերս,,- ասաց խնձորենին:
— Ես մտել էի ձեր տուն, բայց դու չսատկացրիր ինձ,- ասաց առնետը:
Հանկարծ ես լաց եղա: Արցունքերը չգիտես որտեղից խորտակեցին արգելքը ու դուրս թափվեցին: Ասես՝ կուտակվել էին ինչ-որ տեղ ու դուրս պրծան հանկարծ:
— Եթե մարդկային ցեղը չփրկվի, նրանց, ովքեր կգան մեզնից հետո, ասեք, որ, այնուամենայնիվ, ինչ-որ լավ բան կար մեր սրտում…. փոքրիկ մի բան:
-Լաց եղիր,- ասաց տատրակը:
— Այստեղ, այս կրիչի վրա պատմություններ են մարդկային ցեղի սիրո, բարության, ազնվության մասին,- ասացի ես հեծկլտալով,- Սա տուր նրանց, ովքեև կգան մեզնից հետո ու կքանդեն բոլոր վանդակները ու կապրեն ամպե ու աստղոտ տանիքի տակ, ոտքերով կշոշափեն հողն ու կզգան խոտերի թավշյա շոյանքը:
— Լաց եղիր:
— Եվ կսիրեն այս մոլորակը, որ իրենց տունն է,- ասաց Թիթեռը:
— Եվ կսիրեն իրենց նմանին,- ասաց Մեղուն…
— Մենք նույնպես սիրում էինք….Իմ մեջ սեր կար: Երդվում եմ: Ես կարոտում եմ..
— Ո՞ւմ ես կարոտում,-հարցրեց կաչաղակը:
— Հարազատներիս, ընկերներիս, փոքրիկ Արեգին ու ապակեպատ սրճարանները, երբ լուսամուտներից այն կողմ փողոցն ու մարդիկ կողքիդ էին….Ես կարոտում եմ ամենապարզ բաները: Մարդաշատ երթուղայինները: Մեծ խանութների անդեմ աղմուկը, իրար հրմշտելը հերթում…Ես ուզում եմ մոտենալ բալենուն ու չվախենալ կողքովս անցնող մարդուց: Ես ատում եմ սոցիալական հեռավորությունը:
— Մենք եկել ենք, որ քեզ օգնենք՝ փրկելու մարդկային ցեղը,- ասաց տատրակը:
— Պատվաստանյո՞ւթ,- հարցրի ես՝ արցունքներս մաքրելով:
— Չէ, — ասաց տատրակը:
— Դե՞ղ:
Խնձորենին բացասաբար շարժեց ճյուղերը:
-Կրկնիր մեզ հետ,- ասաց տատրակը, ու բոլորը միաբերան սկսեցին.
— Մի սպանիր:
— Սիրիր մերձավորիդ:
-Մի ստիր:
— Մի գողացիր:
-Ուրիշի հետ վարվիր այնպես, ինչպես կուզենաս, որ քեզ հետ վարվեն:
Նրանց ձայնը հետզհետե ահագնանոմ էր: Միլիարդավոր ձայներ էին միացել տատրակի ձայնին, ու հնչում էր տիեզերքով մեկ:
— Աղոթիր թշնամուդ համար:
— Եթե երկուսն ունես, մեկը տուր չունեցողին….
Ես բացեցի աչքերս: Գլուխս անուժ ընկած էր լուսամուտագոգին, իսկ երեսս թաց էր արցունքներից:

Գայանե Պողոսյան