Այսօր ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Սպորտի և երիտասարդության հարցերով նախագահ Յուրի Վարդանյանն իր ելույթի ժամանակ նախ դժգոհել է, թե ինչո՞ւ են իր ելույթը Կրթության և գիտության, Սփյուռքի, Մշակույթի նախարարների ելույթից հետո լսվում: «Ինչո՞ւ եք ինձ թողնում ամենավերջում»,- նեղսրտվել է նա:
Նիստը վարող պատգամավոր Արտակ Դավթյանը պարզաբանել է, որ ըստ հերթականության են լսում նախարարներին: «Դուք ամենավերջինը չեք, ձեզանից հետո երկու նախարար էլ կա, պարոն Վարդանյան»,- նկատել է Արտակ Դավթյանը: Սակայն Յուրի Վարդանյանը շարունակել է պնդել, որ իր հետ այլևս այդպես չվարվեն: «Սրանից հետո ինձ կգցեք առաջ, որովհետև բոլոր գերատեսչությունները սպորտի հետ կապված են»,- նշել է նա:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Յուրի Վարդանյանը դժգոհել է, որ եթե ուզում են ոլորտի ֆինանսավորման, փողի մասին խոսել, ինքը պատրաստ է բաց խոսել: «Ժողովուրդ, ես ուզում եմ փողի մասին խոսել, բաց խոսել: Երբ ես նոր ստանձնեցի իմ պաշտոնը, մի շաբաթ հետո կլրանա վեց ամիսը, հանրապետության ղեկավարի հետ ունեցած իմ զրույցում ես ասել եմ, որ իմ համար գերխնդիրն այն է, որ մենք մեր երկրում ունենանք նյութատեխնիկական բազաներ և ունենանք դրանց պատշաճ իրավիճակ: Բայց այսօր անմխիթար վիճակում են գտվում մեր մարզաբազաները, սա է իրավիճակը»,- ասել է նա:
Վերջում Յուրի Վարդանյանն Ազգային ժողովից խնդրել է, որ մեկն իրեն ուղեկցի, որպեսզի լրագրողները հարցեր չտան: «Էս լրագրողները հարցեր են տալիս՝ ելնելով իմ շուջբոլորը ընթացող խոսակցություններից։ Ես ասեմ, որ ոչ մի խնդիր չունի ոչ տղաս, ոչ էլ ես: Ու էդ հարցերով խնդրում եմ ինձ էլ չդիմեք»,- ասել է նա:
Երբ, այնուամենայնիվ, լրագրողները փորձել են նախարարին հարցեր ուղղել, Յուրի Վարդանյանն ասել է. «Ընդեղ նիստի ժամանակ բերանս կապեցին ու ուղարկեցին ըստեղ»: Նա հայտարարել է, որ մի տղա չունի, երեք տղա ունի: Դիտարկմանը, որ իր տղան է զբաղվել թմրամիջոցների ապօրինի ներկրմամբ, նա ասաց. «Էդ ձեր կարծիքն է, որ զբաղվում է»: Նա միաժամանակ նաեւ ասել է, որ եթե իր տղային անօրինական կալանավորած լինեին, «հիմա ընդեղ չէր լինի»: