տուն Լուրեր Մեր ճակատագիրն էս ա. չորս երեխաների մայրը չի պատրաստվում լքել հարազատ Չինարին

Մեր ճակատագիրն էս ա. չորս երեխաների մայրը չի պատրաստվում լքել հարազատ Չինարին

79
0

IMG

Սահմանամերձ Չինարիի բնակչուհի Կարինե Գադալյանը չորս երեխաների մայր է: Նա երեխաների հետ է ապրում հարազատ գյուղում, ամուսինը տարվա մեծ մասն անց է կացնում ՌԴ-ում: Չինարիում շատ են նման ընտանիքները, որտեղ կանայք առանց ամուսինների են խնամում երեխաներին ու միևնույն ժամանակ պաշտպանում նրանց ադրբեջանական կողմի կրակոցներից:

«Շատ-շատ են կրակում վերջին ժամանակներս: Պարզապես նստում ենք մեր տներում, տնից դուրս չենք գալիս»,- ասում է Կարինեն:

«Ամուսինս Մոսկվայում է աշխատում, շուկաներում առևտուր է անում: Մի ժամանակ ամբողջ տարին էր աշխատում, հիմա՝ սեզոնային»,- պատմում է նա ու հպարտությամբ փաստում, որ չորս երեխա ունի: «Երեխաներիցս ամենափոքրը 5 տարեկան է, շուտով դպրոց պետք է գնա, մյուսները՝ 15, 13 ու 12 տարեկան են»:

Կարինեի հավաստմամբ՝ հնարավորություն չունեն ուրիշ բնակավայր տեղափոխվելու: Սեփական տունն ու հողը լքելու առանձնապես մեծ ցանկություն էլ չկա: Այստեղից մարդիկ, եթե գնում են, ապա միայն իրենց երեխաների անվտանգությունը կարևորելով, իսկ մնացած բոլոր սոցիալական խնդիրները, ինչպես իրենք են ասում, բոլոր տեղերում էլ կան:

«Մեր տեղն էս ա: Ուրիշ տեղ հնարավորություն չունենք ապրելու: Եթե շանս լիներ, միգուցե հանուն երեխաների գնայինք ուրիշ տեղ, բայց մեր ճակատագիրն էս ա»,- ասում է նա:

 

Անի Պետրոսյան