Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Վարչապետ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը:
«Վերջերս հեռախոսազրույց ունեցա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ: Կարծում եմ, որ մեր հարաբերությունները շատ լավ են, շատ դինամիկ են: Կորոնավիրուսի հետ կապված ունենք հարցեր, որ պետք է պարզենք, որովհետև մեր հարաբերություններում համաճարակով պայմանավորված բարդություններ են առաջացել և Վրաստանի պարագայում, և Իրանի պարագայում, և բոլորի պարագայում: Վրաստանի վարչապետի հետ այս ընթացքում մի քանի անգամ եմ հեռախոսազրույց ունեցել և մարտի սկզբին պաշտոնական այցով եղել եմ Վրաստանում և ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները շատ լավ են, ինչը նշանակում, որ էլի խնդիրներ չկան: Հիմա, օրինակ, տեսեք, Լարսում ձյուն է գալիս, մեքենաներ են կուտակվում և լինում են մարդիկ, ովքեր մեկնաբանում են, որ դա հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստում է: Դժվար է պատկերացնել՝ մեր հարաբերությունները ինչպես պետք է ազդեին եղանակի վրա, որ չեն ազդել, եթե կա այդպիսի բանաձև՝ կաշխատենք այդ բանաձևերին էլ տիրապետենք, որ հարաբերություններն այնպես կառուցենք, որ ձյունը գա այնքան, ինչքան պետք է… Հիմա տեսեք, օրինակ, մենք ընդհանուր տնտեսական տարածք լինելով, կորոնավիրուսի հետ կապված ստիպված եղանք որոշակի սահմանափակումներ մտցնել: Վրաստանի հետ ունենալով ազատ առևտրի պայմանագիր՝ ստիպված եղանք սահմանափակումներ մտցնել, Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված: Նույնիսկ ԵՄ երկրները ստիպված եղան իրենց սահմաններով անցանելիությունը պակասեցնել: Հենց ճգնաժամը դրանով է ճգնաժամ, որ ինքը բերում է նոր մարտահրավերներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: