Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 21-ից ուժի մեջ է մտել պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու օրենքը, ըստ որի ՌԴ քաղաքացի կարող են դառնալ այն անձինք, ովքեր ազատ տիրապետում են ռուսաց լեզվին, բնակվում կամ բնակվել են ԽՍՀՄ կամ Ռուսական Կայսրության տարածքներում՝ ներկայիս Ռուսաստանի սահմանների շրջանակում, բնակության տեղափոխվելու պայմանով՝այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում:
Շատերն են խոսում այն մասին, որ այս նոր կարգը Հայաստանի համար կունենա իր վատ հետևանքները՝ արտագաղթի նոր ալիք կբարձրանա: Araratnews.am-ի լրագրողը այս թեմայի շուրջ փոքրիկ հարցախույզ է անցկացրել Երևանի փողոցներում՝ քաղաքացիների շրջանում, որոնց մեծ մասն իսկապես ողջունում է այս նոր կարգը և բավականին ոգևորած է:
48-ամյա Վոլոդյա Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նոր օրենքի ընդունումից հետո արդեն ինքն իր հետ Ռուսաստան կտանի նաև իր ընտանիքի բոլոր անդամներին. «Եթե էն ժամանակ մենակ էի գնում աշխատելու, հիմա երեխեքիս ու կնոջս էլ հետս կտանեմ, թող գան հետս քաղաքացիություն ստանանք ու պրծնենք էս անօրեն Հայաստանից, թե չէ, որ մնացել ենք այստեղ՝ ի՞նչ ենք անում որ»,- նշեց մեր զրուցակիցը: Մեր այն հարցին, թե՝ չի՞ կարծում, որ եթե բոլոր հայերը իր նման մտածեն, երկիրը կհայաթափվի, եւ այս դժվարին իրավիճակից դուրս գալուն կօգնի ոչ թե Հայաստանից գնալը, այլ՝ մնալն ու պայքարելը, Վոլոդյա Ավետիսյանը պատասխանեց. «Ես չեմ մնա ու չեմ պայքարի մի երկրի համար, որն իմ երեխայի ապագայի վրա քար է գցում, իշխանություններն են ստիպում, որ մենք թողենք ու հեռանանք, իրենք հենց նպատակով մեզ ասում են՝ հելեք գնացեք, չե՞ք տեսնում, որ մենք ձեզ չենք պահելու: Ես չեմ ուզում, որ իմ երեխեքը այս երկրի մեջ կառուցեն իրենց ապագան, ես իրանց տանելու եմ հետս Ռուսաստան, որ փրկեմ ճահճից: Եթե ուզում են, ես հրապարակավ կկանգնեմ հրապարակի մեջտեղն ու կհրաժարվեմ իմ ազգանունից, իմ հայ լինելուց, այ էդքան լցված եմ: 2 տարի առաջ երեխա եմ կորցրել գումար չունենալու պատճառով, չեմ ուզում մանրանամ, բայց ասեմ, որ էլ ուր ասես չգնացի օգնություն խնդրելու, այդպիսի պետական կառույց ու օլիգարխ չմնաց, որ չդիմեի, բայց ինչ օգուտ: Մեզ նման չունևորները մարդահաշիվ չեն։ Մի խոսքով՝ գնալու եմ, չէ չեմ գնալու, փախնելու եմ էստեղից ու ինչքան հնարավոր է շուտ ու հեռու, մեր հայրենիքը մեր թիկունքին կանգնած չէ, մնանք էստեղ ի՞նչ անենք»,- եզրափակեց իր խոսքը Վոլոդյա Ավետիսյանը:
57-ամյա Վիգեն Հարոյանը ևս պատրաստվում է գնալ արտագնա աշխատանքի՝ տղայի մոտ: «Պարտքեր ունենք շատ, չգնալ չի լինի, ճիշտ է շատ ենք սիրում մեր հայրենքիքը, բայց այդ սերը փոխադարձ չէ, հայրենիքը մեզ չի սիրում, դրա համար ստիպված թողնում-գնում ենք: Իսկ ՌԴ քաղաքացիություն ստանալու նոր կարգի մասին կասեմ հետևյալը՝ դա լիներ-չլիներ՝ մեկ է. գնացողը կգնա, չգնացողը չի գնա»:
48-ամյա Ալինա Ստեփանյանն էլ նոր է վերադարձել ՌԴ-ի Ռոստով քաղաքից, որտեղ խոհարար է աշխատել: Նա ևս Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ եկել է Հայաստան որոշ թղթաբանական հարցր լուծելու, և ընդամենը մի քանի օրից նորից վերադառնալու է Ռոստով: «Երեխաներիս չեմ ուզում տանել հետս, ուզում եմ, որ իրենք իրենց հայրենիքում մնան, բայց ես չգնալ չեմ կարող, ես ուզում եմ, որ իմ երեխեքը ոչ մի բանի պակաս չունենան, ամուսին չունեմ ու ես իմ երեխաների համար հա՛մ հայր, հա՛մ էլ մայր եմ լինելու, իսկ մեր երկրում աշխատելով՝ չեմ կարող ծայրը ծայրին հասցնել, իսկ դրսում բավականին լավ են վարձատրում, մի քանի տարի էլ գնամ ու էլ չեմ գնա, երեխաներս կմեծանան՝ հուսանք իրենց երկրում կաշխատեն կապրեն, ինձ էլ կպահեն», -եզրափակեց զրուցակիցս:
Էմմա Պալյան