տուն Քաղաքական Հայաստան Մեր զինվորները պետք է վստահ լինեն, որ դժվարին պահին մենք իրենց կողքին...

Մեր զինվորները պետք է վստահ լինեն, որ դժվարին պահին մենք իրենց կողքին ենք լինելու. Ապրիլյանի հերոս Հարություն Բադալյան

394
0

Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է չորս տարի: Բայց տարիները ամենևին չեն մեղմել կորստյան ցավը: Եվ այսօր` խաղաղ պայմաններում, Araratnews.am-ը պատերազմի, կյանքի, խաղաղության ու Հայրենիքի մասին զրուցել է Ապրիլյան քառօրյա պատերազի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Հարություն Բադալյանի հետ:

Հատկանշական է, որ այսօր` ապրիլի 1-ին, մերօրյա հերոս Հարություն Բադալյանի ծննդյան օրն է: Մեր խմբագրության անունից շնորհավորում ենք նրան, մաղթում առողջություն և բազում հաղթանականեր խաղաղ պայմաններում:

Մեր զրույցը պետք է սկսեմ այսպես: Ապրիլյան պատերազմից չորս տարի անց, ներսում կուտակված ի՞նչ զգացողություններ կան, Հարություն:

Ճիշտն ասած՝ զգացողությունները բավականին շատ են` թե դրական, թե բացասական: Ուղղակի ես այնպիսի մարդ եմ, որ զգացողություններս բարձրաձայնել չեմ կարողանում, հատկապես՝ պատերազմի հետ կապված: Բառերով հնարավոր չէ բացատրել, կիսվել: Դու զգում ես, և քեզ կարող են հասկանալ քո մարտական ընկերները, միայն նրանք:

Հարություն Բադալյանը պատերազմից առաջ և հետո։ Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում։

Պատերազմից հետո գրեթե ամեն բան փոխվել է: Նպատակներ են փոխվել, Նպատակներիս գումարվել են էլ ավելի շատ նպատակներ, մարտական ընկերներիս` զոհված տղաների նպատակները: Ամեն ինչ փոխվել է: Կարելի է ասել՝ կյանքին ավելի խորն եմ նայում, ավելի երկար եմ մտածում:

Որո՞նք են ամենատպավորիչ պահերը պատերազմից, որ դաջվել են մտքիդ մեջ։

Ճիշտն ասած՝ պատերազմից պահեր շատ են եղել՝ հատկապես մարտի ժամանակ: Դրանք հիմնականում բացասական հիշողություններ ու տպավորություններ են: Ավելի լավ կլինի դրականից փոքր-ինչ խոսեմ: Հիշում եմ, թե ինչպես էր ազգը միասնական, մի բռունցք դարձած փորձում ամեն ինչով օգնել զինվորին: Եվ այդ օգնությունն իսկապես պետք էր: Եվ այն, ինչ տեղի ունեցավ այդ օրերին, իսկապես տպավորիչ էր:

Ի՞նչ տեղի ունեցավ, երբ հայտարարվեց պատերազմ։ Ո՞րն էր առաջին գործողությունը։

Ես կոնկրետ իմ մարտից հետո եմ իմացել, որ արդեն պատերազմ է սկսվել: Ես մտածում էի, որ կոնկրետ գործողություններ է իրականացվում`դիվերսիա է իմ դիրքի վրա։ Դեռ այդ ժամանակ չգիտեի, որ պատերազմ է: Հետո իմացա պատերազմի մասին, երբ արդեն հոսպիտալում էի: Ինձ արդեն դիրքից իջեցրել էին, քանի որ վիրավորվել էի: Պատերազմի մասին իմանալուց հետո առաջին զգացողությունը միայն այն էր, որ ես ցանկանում էի հնարավորինս շուտ`կրկին հայտնվել մարտի դաշտում:

Քառօրյայից հետո, երբ հասկացար, որ ողջ ես, նոր իմաստ ստացա՞վ կյանքը։

Իհարկե նոր իմաստ ստացավ: Նորից կկրկնեմ`իմ  նպատակները եռապատկվեցին, քառապատկվեցին, իմ մարտական ընկերների նպատակները գումարվեցին իմ նպատակներին: Եվ իմաստը կայանում է նրանում, որ ես պիտի հասնեմ այդ բոլոր նպատակներին:

Հարություն, Դուք ապրող հերոս եք։ Արդյոք հե՞շտ է ապրել հերոսացած, երբ բոլորի հայացքը ուղղված է Ձեզ։

Ես հերոս չեմ: Ես ինձ հերոս չեմ համարում, իսկ ինչ վերաբերում է բոլորի հայացքներն ուղղված են իմ կողմը, ճիշտն ասած, դա ինձ դեռևս չի խանգարել, ասեմ ավելին՝ ես նույն կերպ շարունակել եմ ապրել:

Առհասարակ, ինչո՞վ եք զբաղված հիմա, կպատմե՞ք։

Հիմա զբաղվում եմ աշխատանքով, ուսմամբ, կարիերայով, որը շատ եմ կարևորում կյանքում: Եվ առհասարակ համարում եմ, որ մարդ իր կյանքում, իր ամբողջ կյանքում պետք է սովորի: Ես կյանքում ամեն բան ուսման եմ վերածում: Այսպես ասեմ` ես միշտ սովորելու տեղ եմ ունենալու:

Ո՞րն էր մեր հաղթաթուղթը Ապրիլյան պատերազմում։

Հաղթաթուղթը`իհարկե խնդիրներ եղել են և զինվորների, և սպաների մոտ: Խնդիրներ միշտ էլ կլինեն: Անխնդիր ոլորտ գոյություն չունի: Բայց հաղթաթուղթը մեր ոգու մեջ էր, մեր տղաների ոգու մեջ էր: Մենք գիտեինք ինչի համար ենք պայքարում, իսկ իրենք՝ ոչ: Իրենք միշտ էլ գալու են ու պարտված հետ են գնալու: Միշտ եմ ասել, որ մեր իրական ուժը մեր մարտական ոգին է:

 

Եվ վերջում՝ Ձեր խոսքը ներկա և ապագա հայրենիքի պաշտպաններին։

Ես ընդամենը երկու խորհուրդ ունեմ՝ իմանան իրենց ազգի պատմությունը, իմանան, թե ինչի համար են իրենք պայքարում: Ես վստահում եմ մեր ներկա և ապագա պաշտպաններին: Ես վստահ եմ, որ իրենք կկարողանան էլ ավելի, մեզնից էլ ավելի լավ պաշտպանել մեր պետությունը: Եվ նրանք էլ պետք է վստահ լինեն, որ ցանկացած դժվարին պահին մենք իրենց կողքին ենք լինելու:

Հայկ Մագոյան