տուն Հասարակություն Առողջապահություն Մեր երկրում կորոնավիրուսի պատճառով մահաբերության ցուցանիշը ցածր է

Մեր երկրում կորոնավիրուսի պատճառով մահաբերության ցուցանիշը ցածր է

227
0

Կորոնավիրուսը կանխելու նպատակով արտակարգ դրության երկարաձգումն արդեն իսկ դժգոհություններ է առաջացրել տնտեսական գործունեությամբ, մանր ու միջին բիզնեսով զբաղվողների շրջանում։ Փոքր խանութների տերերն ու կրպակատերերն, օրինակ, բողոքում են, թե ինչու պետք է իրենք շարունակեն չաշխատել, փոքր խանութներ մտնում են քիչ թվով մարդիկ, կարճ ժամանակով, ուստիև՝ վարակի տարածման հավանականությունը չնչին է։

«Մենք հիմա մտածում ենք, որ առաջիկայում, առաջիկա տասն օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման որոշակի տրամաբանություն դնի, այսինքն՝ ռեստորանները ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանեն աշխատելու համար, սրճարանները ինչ կանոններ պետք է պահպանեն, արտադրամասերը ինչ կանոններ պետք է պահպանեն և էսպես շարունակ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ապրիլի 28-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ միայն կրթական համակարգում կպահպանվեն սահմանափակումները։

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը կարծում է, որ տարբեր ոլորտներում քայլ առ քայլ, աստիճանաբար գործունեությունը սկսելը դրական մոտեցում է։

«Որքան շատ մնանք տանը, միևնույն է, դուրս գալուց հետո կարող ենք վարակվել վիրուսով։ Սահմանափակումներն ուղղված են այն բանին, որպեսզի առողջապահական համակարգը ծանր հարվածներ չստանա, մեծ թվով հիվանդներ չլինեն։ Այն սահմանափակումները, որոնք գործել են մինչ օրս, իրենց արդարացրել են։ Իսկ հիվանդացության դեպքերն այն արձանագրված դեպքերն են, որոնք մենք թեստավորված հայտնաբերել ենք։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա ամբողջ աշխարհում կա ոչ ճշգրիտ վիճակագրություն։ Դա չի վերաբերում վիրուսով վարակվածության իրական չափորոշիչներին։ Դրանք ավելի շատ են։ Իսկ հայտնաբերվածներն ուղղակի ամեն երկրի հնարավորություններին և ցուցումներին համապատասխան հայտնաբերվածներն են։ Բայց կարելի է ասել, որ վարակվածության աստիճանը շատ բարձր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արարատ Մկրտչյանը։

Առողջապահության նախկին նախարարն այն կարծիքին է, որ առողջությունն ապագայում պահպանելու նպատակով պետք է սկսի գործել տնտեսությունը։

«Չաշխատելու դեպքում մենք առողջության հետ կապված խնդիրներ ենք ունենալու նաև վաղը։ Սահմանափակումները եղել են համակշռված, համակշռվել են բնակչության առողջությունն ու տնտեսական աստիճանական աշխատանքը։ Եթե դիտարկենք աշխարհում մահաբերության միջին ցուցանիշը, ապա այն ամբողջ աշխարհում կազմում է 27,2՝ մեկ միլիոն բնակչի հաշվով։ Մեր երկրում այդ ցուցանիշը մեկ միլիոն բնակչի հաշվով կազմում է 10։ Այսինքն՝ մոտ 2,8 չափով մեր երկրում մահաբերության ցուցանիշը ցածր է»,- նշեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: