Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում ընդունեց Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունին, որի հետ էլ հանդիպումից հետո հայտարարություններով հանդես եկավ:
Լի Սյան Լունն իր հայտարարության մեջ հիշատակեց Փաշինյանի այցը Սինգապուր ու խոսեց երկկողմ հարաբերությունների մասին:
«Մեր երկու երկրները երկար տարիների հարաբերություններ ունեն, որոնք ձգվում են մինչև 19-րդ դար»,-ասաց Սինգապուրի վարչապետը:
Նրա խոսքով՝ Սինգապուրում կա փոքր, բայց կազմակերպված հայ համայնք, որը զգալի ներդրում է ունեցել Սինգապուրի կայացման գործում:
«Մենք նաև ունենք հայկական փողոց ու դրա մոտ հայկական եկեղեցի, որ ամենահին եկեղեցին է Սինգապուրում»,- ասաց Լի Սյան Լունը՝ ավելացնելով, որ այն ազգային արժեք է իրենց համար:
Խոսելով ԵԱՏՄ հետ համագործակցության մասին՝ նա նշեց, որ Հայաստանի հետ ստորագրելու են ծառայությունների և ներդրումների համաձայնագիր:
«Սինգապուրի համար մեծ պատիվ է ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի գործընկեր լինել: Լիահույս եմ և սպասում եմ, որ այդ համաձայնագրերը իրագործվեն, որպեսզի մեր ժողովուրդները և տնտեսվարողները վայելեն շոշափելի օգուտները», — ասաց Սինգապուրի վարչապետը: