Հայաստանում ներգնա տուրիզմի աշխարհագրությունը գնալով լայնանում է: Այսօր այս մասին լրագրողների հետ մամլո ասուլիսին ասաց տուր օպերատորների ասոցիացիայի անդամ Մարիա Կիպիրյանը:
«Ավելի շատ երկրներից են գալիս Հայաստան տուրիստական այցերով: Հիմնականում դեպի Հայաստան տուրիստական այցերը 7 օրվա տուրերն են: Դա պատմամշակութային տուրիզմն է, որը թույլ է տալիս 7 օրվա ընթացքում Հայաստանը ներկայացնել»,-ասում է Կիպիրյանը:
Նա ասում է, որ տուրիստները հիմնականում զարգացած եվորպական երկրներից են գալիս Հայաստան: Ամենամեծ թվով գալիս են Գերմանիայից և Ավստրիայից:
Կիպիրյանի խոսքովˋ շատ տուրիստներ ժամանում են նաև Ֆրանսիայից, Իտալիայից, Անգլիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, Շվեդիայից, Իսպանիայից:
«Ամենաքիչ թվով տուրիստներ գալիս են Ճապոնիայից, Ամերիկայից: Ռուսաստանից նույնպես մենք ունենք շատ մեծ հետաքրքրություն: Գնալով մեծանում է այդ հետաքրքրությունը և կորպորատիվ, բիզնես տուրիզմն է զարգացնում»,-ասաց Կիպիրյանը:
Անդրադառնալով ներգնա տուրիզմինˋ Մարիա Կիպիրյանը նշում է, որ տուրիստները հիմնկանում բողոքում են Հայսաստանի մասին ինֆորմացիայի պակասից:
«Դա նաև դեսպանատների աշխատանքն է: Մեր երկիրը կարիք ունի ավելի շատ գովազդվելու, իսկ դեսպանանատները կարող են դա կատարել ու պետք է դա անեն: Շատերը գիտեն Հայաստանը, բայց չգիտեն Հայաստանի գրավչությունը, թե ինչու իրենք պետք է գան Հայաստան»,-ասաց Կիպիրյանը: