Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը 2013 թվականից գործում է որպես մասնագիտացված մանկատուն: Այստեղ խնամվում են հատուկ կարիքավոր երեխաները, մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող, ինչպես նաև՝ հոգեկան զարգացման շեղումներով, հապաղումով, տեսողության, լսողության խնդիրներով և այլ բարդ արատներով: Մանկատան յուրաքանչյուր երեխա առանձին պատմություն ունի: Նրանք բոլորը զրկվել են ծնողական խնամքից տարբեր պատճառներով:
Այնտեղ ապրող 90 երեխաներից շատերը հաճախում են մանկապարտեզ ու դպրոց: Տնօրեն Հասմիկ Մկրտչյանը ուրախությամբ փաստում է, որ ներառական կրթության փորձարարական ծրագիրը մի քանի տարում ներդրվեց մանկապարտեզներում ու դպրոցներում և սկսեց գործել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող մանկատանը գործում է բազմամասնագիտական խորհրդի թիմ, որի կազմում աշխատում է մանկավարժ, սոցիալական աշխատող, հոգեբան, հատուկ մանկավարժներ, էրգոթերապիստ, վերականգնողական բժիշկ և այլ մասնագետներ: Մանկատան տնօրենի խոսքով՝ պետությունը հոգում է իրենց բոլոր ծախսերը:
«Իհարկե, մեր առաջնահերթ նպատակն ու խնդիրն այն է, որ երեխային վերադարձնենք կենսաբանական ընտանիք: Դրա համար մենք էլ մեր աշխատանքն ունենք, էլի նույն թիմային աշխատանքը ծնողի հետ է տարվում: Ամեն ինչ արվում է, որ ծնողին ներկայացվի, թե մանկատանը երեխան ինչով է զբաղվում: Նաև խորհուրդ ենք տալիս, թե ինչպես կարելի է աշխատանք գտնել»,- ասում է մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը:
Կան դեպքեր, երբ ծնողը դուրս է եկել կալանավայրից: Այս դեպքում մանկատան տնօրինությունը ձգտում է անպայման կազմակերպել երեխայի ու ծնողի հանդիպումը: Հաստատությունն իր բնույթով բաց է, այսինքն՝ երեխա-ծնող-ընտանիք կապը պահպանվում է:
Սահմանափակ կարողություններով, սակայն անսահման երազանքներով ու նպատակներով երեխաների հետ զրույցները Araratnews.am-ը կներկայացնի առաջիկայում: