Ֆեյսբուքյան օգտատեր Սուրեն Մանուկյանն իր էջում ահազանգել էր, որ Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու «Զվարթնոց» օդանավակայանից Մարրիոթ բերելու համար տաքսու վարորդը 34 000 դրամ գումար է գանձել՝ կից հրապարակելով նաեւ կտրոնը լուսանկարը։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն էլ արագ արձագանքեց ահազանգին՝ նշելով, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը պահանջել է բացահայտել կեղծարարությամբ զբաղվողներին:
Մեր դիտարկմանը, թե ինչպես կարող է քաղաքացին իրենց պատկանող տարածքում տարբերել «վստահելի տաքսիները», և ինչո՞ւ ավելի գործուն ու արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվում, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց հետևյալը.
«Մենք մշտապես ահազանգել ենք համանման դեպքերի մասին: Ցանկացած տեղեկության դեպքում, այն ներկայացնում ենք պատկան մարմիններին, ոստիկանությանը: Իրականում շատ դժվար է հասկանալ, թե ովքեր են մուտք գործում «Զվարթնոց» օդանավակայանի տարածք: Մարդ դիմավորելու կամ ճանապարհելու պատրվակով, հնարավոր է, տարածք մտնեն վարորդներ, որոնք անբարեխիղճ գտնվեն և ծառայության դիմաց ոչ համարժեք գումար պահանջեն»:
Սաթենիկ Հովհաննիսյանի խոսքով, այդ գործընթացը վերահսկելը բավականին բարդ է, սակայն իրենք ամեն ջանք գործադրում են, որպեսզի նման դեպքերը բացահայտվեն, կանխվեն, օրինազանց վարորդները պատասխանատվության ենթարկվեն:
«Իրականում, մեր անվտանգության աշխատակիցներն էլ չեն կարող տարբերակել օրինակելի վարորդներին ոչ օրինակելիներից: Կրկնեմ՝ մեր տարածք կարող են մուտք գործել վարորդներ՝ տարբեր պատրվակներով, բայց որ վերջին տարիներին նման դեպքերն ավելի քիչ են, դա վկայում է մեր ակտիվ միջոցառումների և պատկան մարմինների հետ համագործակցության մասին»,- Araratnews.am-ի հետ զրույցում շեշտեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության հանրային կապերի պատասխանատուն:
Նա նաև հստակեցրեց, որ տարածքը հանրային է, որի վերահսկողությունը Ոստիկանության գործառույթն է: