The New York Times թերթում հրապարակվել է լրագրող, արտաքին քաղաքականության գծով փորձագետ Ռոբին Ռայթի «Ինչպե՞ս 5 երկիրը կարող է վերածվել 14 երկրի» խորագրով հոդվածը, որում նա վերլուծության է ենթարկում Մերձավոր Արևելքում նոր աշխարհակարգը. «Մերձավոր Արևելքի քարտեզը կարող է վերագծվել և 5 պետությունից գոյանալ 14 նոր պետություն:Ապագայում մասնատվելու ամենամեծ պոտենցիալ ունեցող երկրներն են Իրաքը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Եմենը և Լիբիան: Մասնատումն ամենամեծ չափով առնչվելու է Սաուդյան Արաբիային: Սիրիա-Իրաք Սիրիայի մասնատմամբ այս երկու երկրների աշխարհագրական տարածքում կարող է առաջանալ 4 պետություն` Ալևիստան, Քուրդիստան, Սուննիստան, Շիիստան: Միջերկրական ծովի երկայնքով Լաթաքիա կենտրոնով կարող է առաջանալ արաբական ալավիական պետություն: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը կարող է միավորվել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական շրջանի հետ: Դրանով իսկ Թուրքիայի Հաթայ նահանգի հարավային սահմանի երկայնքով կառաջանա նոր Քուրդիստան` Էրբիլ մայրաքաղաքով: Իրաքի հարավում կառաջանա Շիական նոր պետություն` Բասրա կենտրոնով, իսկ ահա արաբական Սուննի պետությունը կառաջանա Իրաքի ու Սիրիայի մայրաքաղաքներ Բաղդադի ու Դամասկոսի միջև ընկած սուննիաբնակ նահանգներում: Սակայն չի կանխատեսվում, որ այդ մասնատումը կընթանա հարթ: Մոսուլի ու Քիրքուքի հարցերը կարող են հանգեցնել քուրդ-արաբական պատերազմների, իսկ Բաղդադի ու դրա շրջակայքի հարցը` շիաների ու սուննիների միջև պատերազմների: Սաուդյան Արաբիա Այս թագավորությունը կարող է բաժանվել 5 մասի: Հորմուզի նեղուցի շրջանում կարող է ի հայտ գալ Արևելյան Արաբստան, Հիջազում` Արևմտյան Արաբստան, Եմենին մոտ ընկած գոտում` Հարավային Արաբստան, իսկ երկրի հյուսիսային հատվածում` Հյուսիսային Արաբստան: Իսկ ահա երկրի կենտրոնական մասում կձևավորվի Վահաբիստանը` Էր-Ռիյադ կենտրոնով: Եմեն Ոչ վաղ անցյալում միավորված Եմենը կարող է Հարավային Եմենում հանրաքվեի անցկացումից հետո վերստին մասնատվել երկու մասի` Հյուսիսային Եմենի (Սանա կենտրոնով) և Հարավային Եմենի (Ադեն կենտրոնով): Մասնատումից հետո Հարավային Եմենը կարող է ամբողջությամբ միանալ Սաուդյան Արաբիային: Վերջինս այդ դեպքում կվաստակի ելք դեպի Արաբական ծով և Հնդկական օվկիանոսի հետ ուղիղ կապ, ինչը կվերացնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումից բխող մտավախությունը: Լիբիա Ցեղերի միջև ընթացող մեծ մրցակցությունը երկիրը տանում է դեպի մասնատում: Ստեղծված իրավիճակում երկիրը կարող է մասնատվել երեք մասի: Արևելքում կարող է առաջանալ Կիրենաիկա պետությունը` Բենղազի կենտրոնով, իսկ արևմուտքում` Տրիպոլիտանիան` Տրիպոլի կենտրոնով: Բացի այդ, երկրի հարավ-արևմտյան մասում կարող է առաջանալ երրորդ պետությունը` Ֆեզզանը` Սաբհա կենտրոնով»: