Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընտրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցով հարաբերությունների ավելի զգույշ տարբերակը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Թերթի տվյալներով՝ Մերկելի նման գործողությունները պայմանավորված են, մասնավորապես, Գերմանիայի ազգային բիզնես-շահերի պաշտպանությամբ, ինչպես նաև Ռուսաստանի հետ հակամարտության մեջ չմտնելու ցանկությամբ։
Եթե նախկինում Գերմանիայի առաջնորդն ասում էր, որ Ռուսաստանը կարող է լուրջ քաղաքական և տնտեսական խնդիրներ ունենալ Ղրիմի հարցի պատճառով, ապա հիմա նա շեշտը դնում է Կրեմլի հետ ավելի զգույշ մոտեցման վրա։ Ըստ հոդվածագրի՝ վերջին շրջանում Գերմանիայի իշխանությունները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ իրենց գլխավոր նպատակներից է հարաբերությունների փափկացումը, այլ ոչ թե Ռուսաստանի հետ դրանց սրումը։
Հոդվածագիրը նաև նշում է, որ ըստ հարցումների, գերմանացիների մեծ մասը ցանկանում է, որպեսզի Բեռլինը հավասարապես նույն տարածությունը պահի ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արևմուտքից։ Գերմանացիները նաև ցանկանում են, որպեսզի իրենց երկիրը հանդես գա միջնորդի դերում։