տուն Հասարակություն «Մերժվածների» հերթական ակցիան Զոհրաբ Մնացականյանի դեմ

«Մերժվածների» հերթական ակցիան Զոհրաբ Մնացականյանի դեմ

200
0

Օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորումը» լրագրողների համար կազմակերպել էր սեմինար-քննարկում «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում. Ղարաբաղյան հարցի կարգավարումը» խորագրով։ Դասընթացի բանախոսների թվում են եղել ՀՀ արտգործնախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ինչպես նաև մի շարք փորձագետներ: Այս միջոցառումը սակայն նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից դարձավ լուրջ շահարկումների առարկա, նրանց կողմից դաշտ նետվեց հերթական մտացածին մեղադրանքները և շահարկումները։ Արդյո՞ք առաջին անգամն էր, երբ ԱԳ նախարարրը փակ ձևաչափով հանդիպում էր ունենում կոնկրետ ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ինչու՞ դասընթացն այդքան ցավագին ընդունվեց «մերժվածների» կողմից։ ԱԳՆ-ում արդեն տարիներ շարունակ գործում է փորձագետների, ԶԼՄ խմբագիրների, լրագրողների, մասնագետների հետ հանդիպումների ձևաչափը։ ՀՀ գործող ԱԳ նախարարը ևս օգտագործում է «Chatham House»-ի կանոններով գործող այդ ձևաչափը՝ տարբեր մասնագիտական շրջանակների համար «ոչ դիվանագիտական լեզվով» ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին անդրադառնալու, նրանց հուզող հարցերին պատասխանելու համար: Լրագրողների հետ վերոնշյալ հանդիպումը ևս այդ հանդիպումների շարքից է, և ոչ մի տարբերություն կամ յուրահատկություն չունի, ուստի դրա շուրջ որոշ «մերժվածների» բարձրացրած աղմուկը առավել քան արհեստական է: Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ակնհայտ է, որ որքա էլ այդ քննարկումները լինեն բաց և անկեղծ, միշտ կան և կլինեն կարմիր գծեր, որոնք ցանկացած պաշտոնյա, այդ թվում՝ ԱԳ նախարարը, չեն կարող հատել: Նման թեմաներից է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ոչ հրապարակային հարցերը: Ուստի այն պնդումները թե ԱԳ նախարարը պատմել է բանակցային գործընթացի մանրամասները, մեղմ ասած աբսուրդային են: Ինչ վերաբերում է դասընթացի մասնակիցներին, ցանկալի է ընդգծել, որ մասնակից լրագրողները ներկայացրել են ամենատարբեր ԶԼՄ-ներ՝ այդ թվում՝ թունդ ընդդիմադիր գործելաոճ ունեցող: Հետևաբար լսարանի ընտրության խտրական մոտեցման մասին հնչող շահարկումները ևս անհիմն են: Անդրադառնանք մյուս հարցին՝ ինչու՞ դասընթացն այդքան ցավագին ընդունվեց ներկայիս իշխանությունների վաստակավոր քննադատների կողմից։ Թերևս միանշանակ է, որ նախկին իշխանությունները թիրախավորված տեղեկատվական արշավ են սկսել ԱԳ նախարարի դեմ: Թերևս դա է պատճառը, որ իրենց պետականամետ համարող, սակայն կուսակցական և պետական շահը միմյանցից տարանջատել չկարողացող անհատները փորձում են ցեխ շպրտել թե վարչապետի, թե ԱԳ նախարարի վրա՝ նրանց մեղադրելով «հողերը հանձնելու», «Ալիևի կամ Մամեդյարովի հետ հանդիպմանը խեղճանալու» և այլ անհեթեթ ու մտացածին հանցանքների մեջ: Նման մեղադրանքները շատ պրիմիտիվ են և չեն դիմանում որևէ քննադատության: Բավարար է նշել թեկուզ այն հանգամանքը, որ Մնացականյանն այն միակ ԱԳ նախարարն է, ով իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն երբեք չի խոսել շրջաններ հանձնելու մասին, այլ նաև չի կիրառել նաև «տարածքային ամբողջականություն» եզրույթը՝ հակամարտության կարգավորման համար մշտապես կարևորելով ինքնորոշման և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները: Ավելին, թերևս Մնացականյանն առաջինն է ՀՀ ԱԳ նախարարների շարքում, ով (Բրատիսլավայում) հստակ ամրագրել է նաև ՀՀ համակողմանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Նախորդները ևս հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ արել են տարաբնույթ հայտարարություններ, սակայն դրանք երբեք չեն ունեցել նման հստակություն: Հատկանշական է նաև այն, որ Մնացականյանի կողմից ամրագրված դիրքորոշումն ունի նաև որոշակի կոշտացում, ինչն իրենց չէին կարող թույլ տալ նաև բավարար լեգիտիմությունը չունեցող իշխանության ԱԳ նախարարները: Այս ամենն, իհարկե, նախկինների մոտ անհանգստություն է առաջացնում, չէ՞ որ իրենք գիտեն, որ չնայած երկրի ներսում Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցվող պաթոսայանին հայտարարություններին, իրենք միշտ էլ թույլ կեցվածք են ընդունել բանակցություններում, եղել են զիջողական, ի վերջո, հասել են «տարածքներ խաղաղության դիմաց» թեզի շուրջ բանակցություններ վարելուն։ Ոչ վաղ անցյալի այս դաժան հիշողությունը նրանց հանգիստ չի տալիս, և նրանք փորձում են իրենց արդարացնել ներկայումս ընթացող գործընթացները սևացնելու, նկատվող դրական միտումները նսեմացնելու ու նախարարի գործունեությունն արժեզրկելու միջոցով։ Սակայն, նրանք պետք է չմոռանան, որ ինչ-որ մեկի գործը բացասական լույսի ներքո ներկայացնելը, չի կարող երբևէ արդարացնել իրենց, իսկապես բացասական և ոչ արդյունավետ գործուենությունը։ Ամփոփելով, նշեք, որ իրապես ցավալի է, երբ Ղարաբաղյան հակամարտությունը և դրա շուրջ ընթացող զարգացումները դառնում են մեր երկրի ներսում շահարկումների առարկա, փորձ է արվում դրա շուրջ մանիպուլյացիաներով հանրության շրջանում ազդել տրամադրությունների վրա ու սեփական օգտին փորձել դիվիդենտներ շահել։ Ցավալի է, որ մեզ համար ամենակարևոր այս հարցում անգամ չի գիտակցվում պետական շահն ու այն ստորադասվում է կուսակցականին։