Մենք սոցիալական համերաշխության քաղաքականության կողմնակիցներ ենք, քանի որ դրա մեջ ենք տեսնում մեզ` որպես Ազգ պահպանելու միակ հնարավորությունը և Հայաստանի վերածնունդն ապահովելու հնարավորությունը: Սոցիալական խնդիրները սերտորեն կապված են արդարության հետ: Հետևաբար, այն հանդիսանում է Ազգի գոյատևման կարևորագույն գրավականներից մեկը: Բնակչության զբաղվածության ապահովումը մեր հիմնական խնդիրներից է:
14. Ժողովրդագրություն
Զանգվածային արտագաղթի և ծնելիության կտրուկ անկման պատճառով ստեղծված ժողովրդագրական իրավիճակը հարկավոր է արմատապես շտկել` ընդգծված կերպով աջակցելով նորաստեղծ և բազմազավակ ընտանիքներին: Հղի կինը պիտի պատկառանքի արժանանա:
Յուրաքանչյուր Հայ թանկ է մեզ համար, յուրաքանչյուր Հայի խնդիրը մեր խնդիրն է:
Մենք ստեղծելու ենք մի հասարակարգ, որտեղ չեն լինի արտոնյալներ և նսեմացվածներ, այլ կլինի միասնական ժողովուրդ, միաբան Ազգ` կարգապահ, ազգային օրենքները հարգող, խաղաղություն սիրող, բայց և` խիզախ: Այդպիսին մենք եղել ենք հազարամյակներ շարունակ ու այդպիսին կլինենք ընդմիշտ: