2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջականական կողմը կրկին խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը` անակնկալ ու լայնածավալ հարձակում սկսելով մեր սահմանների ուղղությամբ: Հայկական կողմն անցավ համարժեք գործողությունների: Չնայած այն հանգամանքին, որ մենք ադրբեջանական կողմին տվեցինք արժանի հակահարված, այնուամենայնիվ, հայկական կողմն էլ անմասն չմնաց կորուստներից, որոնք անդառնալի են ու կյանքեր արժեցան: Պատերազմից հետո միայն երկրի ղեկավարությունը հետևություններ արեց սահմանն ավելի ամրացնելու, բանակը զինելու ուղղությամբ:
Ապրիլյան քառօրյա պատերազմից չորս տարի է անցել: Ցավը դեռ թարմ է, կորուստն անասելի ծանր:
…Բայց խաղաղության գինն այսպիսին է: Մենք այսօր խաղաղ Հայրենիք ունենք: Ու ձեզ ենք պարտական` տղերք:
Մեր սերնդի համար ապրիլյան քառօրյան նյութականացրեց պատերազմը բառիս բոլոր իմաստներով: Հիշողությանս մեջ դաջվեցին իրենց կյանքի գնով Հայրենիքը պաշտպանող հայորդիների պատկերները:
Ամենացավոտը հետոն էր: Հանդիպումներ ունեցա ապրիլյան պատերազմում զոհված գրեթե բոլոր հերոսների ծնողների հետ, շփվեցի ապրող հերոսների հետ, լսեցի նրանց կյանքի պատմությունները, հրապարակումներ կարդացի ամենաթեժ կետերում կռված տղերքի սխրանքների մասին: Ու անբացատրելի ցավ ապրեցի: Յուրաքանչյուր հանդիպումից հետո ժամանակ էր պետք խելքս գլուխս հավաքելու համար: Միֆ է, թե ժամանակը բուժում է վերքը: Չէ, ժամանակը բթացնում է ցավը:
Հերոս են մեր տղերքը, և ավելի հերոս են նրանց ծնողները: Ինձ միշտ տանջում էր այս հարցը, թե Էս ցավն ու կսկիծը սրտներում էդ մարդիկ ոնց են ապրելու: Բայց ապրեցին ու ապրում են և ապրեցնում են իրենց որդիներին:
Չորս տարի անց էլ պատերազմը չի ավարտվել: Մենք կռիվ ունենք ու մեր կռիվը արդար է, մեր պահանջն արդարացված՝ ցանկացած պարագայում: Ապրիլյանի տղերքը գնացին հանուն սեփական հողում մեր ապրելու իրավունքը ոտնահարողներին հետ շպրտելու, մեր սուրբ հողը անաղարտ պահելու համար:
Եվ մենք պարտական ենք ձեզ` տղերք:
Դուք կաք, ապրում եք: Որովհետև կա հայ ժողովուրդը, կա Արցախը, ձեր կանգնած դիրքերում էլի զինվորներ են կանգնած, ձեր ոգին մնաց սահմանին, որ այսօր նորաթուխ զինվորները ձեր օրինակով ամուր պահեն մեր տան մուտքի` Հայրենիքի դռները:
Եվ այո, մենք պարտական ենք ձեզ` տղերք…
Հայկ Մագոյան