Հայտնի է, որ մարդկանց 30-45 տոկոսը աշխատում է: Անհնար է, որ աշխատող մարդը լինի աղքատ, սակայն այսօր այդ խնդիրն ակնհայտ կա մեր երկրում: Մենք չունենք աշխատավարձ, որը թույլ կտա դուրս գալ աղքատությունից: Իսկ դա այդպես է, քանի որ մեր մինիմալ աշխատավարձը և աղքատության շեմը հավասար են իրար,- araratnews.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Օրինակ` սուպերմարկետներում աշխատողների իրավունքները ոտնահարվում են շատ կոպիտ ձևով: Կասկածելի է, արդյոք նրանք ստանո՞ւմ են համապատասխան աշխատավարձ, օրինակ, երեկոյան ժամերին կամ կիրակի օրերին աշխատելու համար, թե` ոչ: Այսինքն այստեղ մենք ունենք զանգվածային խախտումներ: Բայց մարդիկ չեն էլ ուզում դիմել մեզ, դիմելուց էլ՝ խնդրում են իրենց անունը չհրապարակել կամ չեն էլ ներկայանում,- ասաց նա ու հավելեց,- աշխատանքային խնդիրները մեր երկրում բազմաթիվ են և անհայտ է` դրանք կլուծվե՞ն արդյոք, քանի որ մենք ունենք նեղ աշխատանքային շուկա»: