«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում հոդված էր հրապարակվել, որում ասվում էր, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը մտադիր է նոր կուսակցություն բացել և այս պահին բանակցում է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի հետ։
Araratnews.am-ը փորձեց ճշտել Ղազինյանից, արդյոք ճի՞շտ են այս լուրերը, ինչ-որ ձևաչափով բանակցություններ կա՞ն Վանեցյանի հետ և եթե ոչ, ապա Վանեցյանի կողմից համագործակցության առաջարկի դեպքում կհամաձայնի՞ նա քննարկել հարցը։
««Մեկ Հայաստան» կուսակցության օրակարգում որևէ կուսակցությանը կամ անհատին միանալու հարց դրված չէ: Ես իմ կուսակից ընկերների հետ զբաղված եմ կուսակցաշինության գործընթացով, ինչը բարեհաջող կերպով ընթանում է: Մամուլում շրջանառվող բազմաթիվ լուրերը հարկ չեմ համարում մեկնաբանել, սակայն կարող եմ հավելել, որ հետևելով մեր կուսակցության ցենտրիստական գաղափարախոսական ուղղությանը, մենք չենք բացառում որևէ համագործակցություն որևէ քաղաքական ուժի կամ անհատի հետ, ով կկիսի մեր արժեքային և գաղափարական սկզբունքները: «Հանուն» գաղափարի համար մեր պայքարը և հնի ու նորի մերժումը մշտապես եղել և մնալու է առաջնային մեզ համար»,- արձագանքեց նա: