տուն Քաղաքական Հայաստան Մենք որոշել ենք, որ պետք է լայն աջակցություն ցուցաբերենք մեր տնտեսությանը և...

Մենք որոշել ենք, որ պետք է լայն աջակցություն ցուցաբերենք մեր տնտեսությանը և տնտեսվարողներին. Փաշինյան

285
0

Մեր մեծագույն խնդիրը ոչ միայն և ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան ապահովելը, որ դրա արդյունքում մենք չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր։ Այս  մասին ֆեյսբուքյան լայվով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը:

Նրա խոսքով` կառավարության որոշումները բաժանված են երկու ուղղության.

1. Կորոնավիրուսի տարածման կանխարգելում

2. Տնտեսական իրադրություն

«Մենք որոշել ենք, որ պետք է լայն աջակցություն ցուցաբերենք մեր տնտեսությանը և տնտեսվարողներին։ Մենք արդեն պատրաստում ենք փաթեթը, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք այն ընկերություններին, որոնք կունենան աջակցության կարիք իրենց աշխատողներին աշխատավարձեր վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու, արտադրությունը կազմակերպելու և ռազմավարական ներդրումներ անելու համար։

Բանկերը կարող են այնքան էլ հակված չլինել այս ծրագրերի շրջանակում լայնորեն վարկավորել գյուղացիներին։ Մենք որոշել ենք, որ կառավարությունը պետք է որոշակի մասնակցություն ունենա։  Անհատների համար, որոնք կզբաղվեն մեր առաջարկած գյուղացիական ռազմավարական ծրագրերով, կառավարությունը նախ կզրոյացնի տոկոսները և կունենա ֆինանսավորման մասնակցություն անհատների պարագայում մինչև 30 տոկոս։ Մենք ենթադրում ենք, որ այս ծրագրերով շատ հեշտությամբ վարկեր կստանան բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն լավ վարկային պատմություն։ Իսկ ի՞նչ պետք է անեն այն գյուղացիները և ֆերմերները, որոնց վարկային պատմությունն այնքան էլ լավը չէ։ Բոլոր այն դեպքերում, երբ հնարավորություն չկա անհատապես ստանալու այսպիսի վարկային միջոցներ, մենք առաջարկում ենք, որ մեր հայրենակիցները համայնքներում ձևավորեն գյուղացիական կոոպերատիվներ, և այդ պարագայում կառավարությունը այս ծրագրերին մասնակցություն կունենա 50-60, հնարավոր է՝ նույնսիկ 70 տոկոսով»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ նաեւ աջակցություն կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսի հետեւանքով կդառնան գործազուրկ:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 194-ի: