Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
«Նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդը, գերագնահատելով իր ուժերը, մի քանի դիվերսիոն հարձակումներ կատարեց սահմանին: Ցավոք, այս ընթացքում ունեցանք երկու զոհ: Իհարկե, ոչ մի սփոփանքի խոսք չի կարող ամոքել նրանց հարազատների ցավը: Մենք հիմա միմյանց կարեկցանքի ու հասարակության աջակցության կարիքն ունենք: Այս գործողություններում իրենց արտահայտությունը գտան մեր հայորդիների խրոխտ ոգու ողջ դինամիկան: Վերջին շաբաթների ընթացում մեր ԶՈւ ստորաբաժանումները կանխել են հակառակորդի 20-ից ավելի դիվերսիաները: Մենք չենք կարող հասարակության ճնշման տակ բացահայտել ողջ խնդիրները, որ մենք ձեռնարկում ենք»,- իր խոսքում ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հիմա առաջնագծում կանգնած են հրաշալի տղաներ:
Խոսելով վերջին շաբաթների ընթացքում հայկական կողմի կրած վեց զոհերի մասին` նախարարն ասաց.
«Մենք նրանց չենք կորցրել, մենք նրանց գտել ենք: Նրանց անունները պետք է հնչեն ամենուր` դպրոցներոււմ, համալսարաններում` որպես մեր փառապանծ հերոսներ: Ամբողջ պատասախանատվությունը և´ հայկական, և´ ադրբեջանական կողմի թափված արյան համար ընկած է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճի վրա: Մշտապես կեղծելով իրականությունը` իրենց բանակը ներկայացնելով ամենաուժեղ ու անպարտելի, ընկել է փակուղի»,- ասաց նախարարը:
Նախարարը նաև նշեց, որ հակառակորդի վերջին դիվերսիոն նկրտումները առաջացրել են նաև միջազգային հանրության ուշադրությունը: Կոչերով հանդես են եկել տարբեր կազմակերպություններ: