Քաղաքապետարանը չունի այն գործիքակազմը և ընդհանրապես չունի էդ խնդիրը՝ պարզելու արդյոք այս կամ այն կազմակերպության հետևում կանգնած է այս կամ այն գործարարը, թե ոչ։ Այսօր հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանին տրված նվիրատվությունների շուրջ ծավալվող խոսակցություններին։
Նշենք, որ քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նվիրատուների ցանկը հրապարակելուց հետո ելույթ էր ունեցել՝ ասելով, որ «Ալեքս Ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն առնչություն ունի Սամվել Ալեքսանյանի հետ։
Կարապետյանի խոսքով՝ տվյալ ՍՊԸ-ի հիմնադիրը այլ մարդ է, իսկ քաղաքապետարանի հետ պայմանագիրը ստորագրել է այլ մարդ։
«Մենք պատրաստ ենք Սամվել Կարապետյանից առանց որևէ միջնորդի ընդունել նվիրատվություն, այսինքն՝ այս հարցն այստեղ առհասարակ էական չէ։ Իսկ եթե հարցնում են՝ ստացել եք նվեր Ալեքսանյանից, մենք բնականաբար պատասխանում ենք՝ ոչ, որովհետև եթե ասենք՝ ստացել ենք, պարոն Իսրայելյանը կամ հիմնադիրները կարող են զանգել, ասել՝ եղբայր, մենք նվեր տանք, դու ինչ-որ ուրիշ մարդու անուն հնչեցնե՞ս»,- ասաց Կարապետյանը՝ շեշտելով, որ ո՛չ ինքը, ո՛չ Մարությանը չեն կարող ասեկոսեների վրա հիմնված հայտարարություններ անել։