«Մենք երբեք կարևորագույն խնդիրների վերաբերյալ շոուներ չենք սարքել: Ինչ-որ հատուկ PR նպատակներ մենք չենք հետապնդել: Այս հարցը մենք բարձրացրել ենք դեռևս 2010 թվականից և այն վերնագիրը, որն այստեղ դրված է, այդ նույն վերնագրով հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես էր եկել ՀՅԴ-ն»,-այս մասին այսօր Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ, անդրադառնալով գազի գնի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանըˋ ավելացնելով, որ ՀՅԴ-ին դժվար է մեղարդել PR ակցիաներ իրականացնելու մեջ, քանի որ նրանց հիմնական խնդիրը հարց լուծելն է:
Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ միշտ էլ օգտվել են այն հարթակներից, որտեղ հնարավոր է եղել աշխատել խնդիրներ լուծելու համար: Նա հիշեցրեց, որ «Մարտի 1»-ի գործով հանձնաժողովի աշխատանքներին էլ բոլոր խմբակցությունները չէ, որ մասնակցեցին, սակայն իրենք մասնակցեցին և տվեցին հատուկ կարծիք.«Մենք մասնակցելու ենք այս հանձնաժողովի աշխատանքներին և եթե հասկանանք, որ ինչ-որ բան փորձ է արվում կոծկել՝ մենք մեր հատուկ կարծիքով հանդես կգանք»,- ասաց Արմեն Ռուստամյանը: