Մենք անցյալի սխալները փորձում ենք բացառել ապագայում։ Այս մասին «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված գիտաժողովի բացումից հետո հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե անցումային արդարադատության իրականացման ընթացքում ինչպես են բացահայտելու 27 տարվա վաղեմության գործերը, և ինչու ենք առաջ գնալու փոխարեն, հետ գնում։
«Դա որոշակի գնահատական է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, և մենք անցյալ չենք գնում, ամենևին։ Եթե անցյալ գնալու նպատակ ունենայինք, Սահմանադրական փոփոխություններ կանեինք։ Փաստահավաք խումբն ընդամենը փաստեր է վեր հանելու և դրա շրջանակներում տալու որոշակի գնահատական՝ բացառելով նման մեխանիզմների կիրառումն ապագայում»,- ասաց նախարարը։
Դիտարկմանը՝ եթե 1996 թվի ընտրախախտում է բացհայտվել, տրվելո՞ւ է գնահատական, Բադասյանը նշեց․ «Որոշակի գործողությամբ եզրակացություն տրվելու է, որն ընդհանուր պատկեր է տրամադրելու հասարակությանը։ Սա ուղղակի խնդիրներն է վեր հանվելու և որևէ անձի կամ խմբի պատժելու նպատակ չի հետապնդելու, եթե չլինեն հանցագործության մասին վկայող ակնհայտ տեղեկություններ»։
Բադասյանը նշեց, որ խոսքը միայն ընտրախախտումների մասին չէ, այլ նաև դատական համակարգում եղած կոռուպցիոն ռիսկերի, որոնք հնարավոր է՝ բացահայտվեն։
՝