ՄԱԿ-ը մինչ օրս ամոթ է զգում, որ չի կարողացել կանխարգելել 1994 թվականին Ռուանդայում իրականացված ցեղասպանությունը։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է աֆրիկյան պետության մայրաքաղաք Կիգալիում ունեցած ելույթում։
Սգո արարողության ժամանակ Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն և Բան Կի Մունը մոմ են վառել, որը 100 օր շարունակ չի մարելու. ցեղասպանությունը տևել է 100 օր։
Հիշեցնենք, որ այսօր Ռուանդայում նշվում է 20 տարի առաջ այդ երկրում իրականացված ցեղասպանության տարելիցը։ 20-րդ դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկի ժամանակ խուտու և թութսի ցեղախմբերի ներկայացուցիչների միջև բախումները խլել են տարբեր հաշվարկներով 800 հազարից մինչև մեկ միլիոն մարդու կյանք։ Հիմնականում ոչնչացվել են թութսի էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները։