Սոցիալական ցանցերում հայտնվել է դավադրության նոր տեսություն, որը Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսին անվանում է «COVID-19-ի ստեղծող»․ գրում է New York Times-ը:
Կոնսպիրոլոգները (գաղտնեգործունեության բացահայտման մասնագետ խմբ․) պնդում են, որ Գեյթսի լաբորատորիան կորոնավիրուս է ստեղծել, որպեսզի գործարարը կարողանա պատվաստանյութ ստեղծել։ Մինչդեռ ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ Գեյթսի վրա հարձակումները կասկածելի կերպով համընկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին նրա քննադատության հետ:
Հայտնի է, որ դեռ 2015 թվականին Գեյթսը հանդես է եկել ելույթով, որում հայտարարել է, որ ապագայում մարդկության գլխավոր սպառնալիքը կդառնա ոչ թե միջուկային պատերազմը, այլ մահացու վարակը: Այժմ սոցիալական ցանցերի օգտատերերը նրա խոսքերը մեկնաբանում են այնպիսի ոճով, որի մասին Գեյթսը հազիվ թե մտածեր, երբ փորձում էր երկրների ուշադրությունը հրավիրել պանդեմիայի վտանգի վրա։
YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում մեծ թվով հրապարակումներ և տեսանյութեր են հայտնվել, որոնցում նշվում է, որ 64-ամյա Գեյթսը COVID-19-ի ստեղծողն է:
Այս տեսության համաձայն ՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը հատուկ վտանգավոր վիրուս է ստեղծել՝ պատվաստանյութի արտադրության համար գումար վաստակելու համար։ Կա եւս մեկ վարկած, ըստ որի՝ գործարարը նոր կորոնավիրուսի օգնությամբ մտադիր էր կրճատել երկրի բնակչության թիվը՝ «մաքրելով» երկիրը քրոնիկական հիվանդություններով թույլերից եւ հիվանդներից։
Մինչդեռ հրատարակությունը նշել է, որ Գեյթսի վրա հարձակումների ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ նա քննադատել է Դոնալդ Թրամփի որոշումը ՝ ժամանակավորապես չեղյալ հայտարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամավճարները:
Նա երբեք չի նշել Թրամփի անունը, բայց ակնհայտ է, որ ճգնաժամի ժամանակ երկրի քաղաքականության հիմնական պատասխանատվությունը կրում է պետության ղեկավարը:
«Կասկած չկա, որ Միացյալ Նահանգները բաց է թողել նոր կորոնավիրուսից առաջ անցնելու հնարավորությունը։ Ընտրությունը, որը մենք եւ մեր իշխանությունները հիմա անում ենք, հսկայական ազդեցություն կունենա այն բանի վրա, թե ինչպես շուտով հիվանդության դեպքերի թիվը կսկսի նվազել, որքան ժամանակ տնտեսությունը փակ կմնա եւ քանի ամերիկացիներ ստիպված կլինեն թաղել մտերիմ մարդկանց COVID-2019-ի պատճառով»,- մարտի 31-ին Washington Post-ի իր սյունակում գրել Է Գեյթսը:
Ինքը՝ բարերարը, հրաժարվել է մեկնաբանել սեփական մասնակցությամբ դավադրության տեսությունները։ Գեյթսի Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամի ղեկավար Մարկ Սուզմանը հայտարարել է, որ իրեն վշտացնում են մարդիկ, որոնք ապատեղեկատվություն են տարածում դժվար ժամանակներում միավորվելու եւ կյանքը փրկելու փոխարեն: