«Հասարակության մեջ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ հոգեբուժությունը մի ռեպրեսիվ մեքենա է»,- այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երբ քննարկում էին հարկադիր բուժմանն առնչվող խնդիրները:
Վարչապետը հակադարձեց՝ մարդկանց ավանդական պատկերացումն է դա, քանի որ հիմնարկները փակ են: «Մենք չգիտենք՝ վերջին 30 տարում ինչ փոփոխություններ են եղել»,- ասաց կառավարության ղեկավարը:
Արսեն Թորոսյանն ասաց՝ ստեղծվելու է խորհուրդ, որը ցանկացած պահին կմտնի հոգեբուժարաններ: «Հոգեբուժական ծառայություններում հիմա աշխատանքներ են տարվում, իհարկե դրանք 5 աստղանի հյուրանոց չեն, բայց աշխատանք անում ենք»,- մանրամասնեց նախարարը:
ՄԻՊ-ը հաստատեց Թորոսյանի խոսքը՝ դրական տեղաշարժ կա հոգեբուժարաններում: «Մեզ համար կարևոր է լինելու բժիշկների աշխատանքը հոգեբուժարաններում գրավիչ դարձնել՝ բարձրացնել նրանց աշխատավարձը: Հայաստանում հոգեբույժների խիստ պակաս կա հատկապես գիշերային հերթապահության ժամանակ»,- ասաց պարոն Թաթոյանը:
Արսեն Թորոսյանն էլ պատասխանեց՝ Թաթոյանը գնահատում է բժիշկների աշխատանքը, բայց նաև մեղադրում է նրանց՝ զոռով դեղեր խմեցնելու համար:
Վարչապետը միջամտեց. «Պարոն Թորոսյան, ես դա լավ չեմ հասկացել գերատեսչական համերաշխությունը՝ հանկարծ բժիշկներին բան չասեն: Բայց մենք գիտենք, չէ՞, որ դա եղել է»:
Թորոսյանն ասաց՝ ընդամենը չի ցանկանում, որ մարդիկ սխալ տպավորություն թողնեն:
Հարկադիր բուժմանն առնչվող՝ կառավարության որոշումն ընդունվեց միաձայն: