Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ԵՊՀ հանգստյան տանը, որտեղ այս պահին մեկուսացված է 90 կոնտակտավոր, կազմակերպվում է նաեւ առցանց ուսուցում։ Տվյալ հանգստյան տան առանձհատակությունն այն է, որ հիմնականում մեկուսացված են երեխաներ իրենց ծնողների հետ, կան նաեւ ուսուցիչներ եւ նույնիսկ աշակերտների դասղեկը։ Հեռավար ուսուցման տարբերակով աշակերտներն անցկացնում են իրենց դասերը՝ հետ չմնալով պարապմունքներից։
Այս մասին նշել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
Զոհրաբյանն արդեն 13 օր է՝ կազմակերպում է տվյալ հանգստյան տան բժշկականխարգելիչ միջոցառումները, քանի որ այնտեղ կան նաեւ աշակերտներ, հատուկ միջոցառումներ են իրականացվում, որպեսզի նրանք չձանձրանան, դասապրոցեսից ետ չընկնեն։
Նրա խոսքով՝ որեւէ դժգոհություն մեկուսացվածները չունեն, բոլորը գիտակից մարդիկ են։
Այսօր նաեւ 69 կոնտակտավորից, հիմնականում՝ դպրոցահասակ, նմուշառում է արվել, որի պատասխանը կլինի այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան։
Սա Թորոսյանի շրջայցի 4-րդ կետն էր, դրանից առաջ նա այցելել էր Ծաղկաձոր քաղաքի մարզահամալիր, եւ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետ Կարեն Պողոսյանը նշել էր, որ այնտեղ առկա է 173 մեկուսացված, նրանց առողջական վիճակը բավարար է, ջերմողներ գրեթե չկան, ջերմաչափումն ամենօրյա ռեժիմով կատարվում է 3 անգամ։ Սննդից գոհ են, այն մատակարարում է «Արտ լանչ» ընկերությունը։
Արսեն Թորոսյանն ուղիղ եթերի ընթացքում նաեւ շնորհակալություն է հայտնել այս բոլոր հյուրանոցների սեփականատերերին, այն բոլոր մարդկանց, որոնք օգնում են, սնունդ ապահովում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թորոսյանն այսօր շրջայց է կատարում բոլոր այն կետերում, որտեղ գտնվում են մեկուսացված քաղաքացիները։