տուն Հասարակություն Մեկուսացնելու ենք երեխաներին «Երեխաների քաղաքում»

Մեկուսացնելու ենք երեխաներին «Երեխաների քաղաքում»

282
0

Արարատի մարզում ցանկանում են կառուցել «Երեխաների քաղաք»՝ նպաստելու մանկական աղքատության կրճատմանը, սոցիալապես անապահով երեխաների զարգացմանը, կրթության ապահովմանը, ինքնադրսևորմանը, ներառմանը հասարակությունում:

Նախագիծը դեռ կյանքի չի կոչվել, բայց Araratnews.am-ը մտավախություն ու մտահոգություն է լսել նախագծի մասին: Ոլորտի մասնագետներից մի քանիսի կարծիքով՝ սա դեմ է ներառական կրթությանը:

«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ հիմնադիր, հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը մեզ ասաց, որ այս նախագիծը հակասում է բոլոր նորմերին, որոնց ցանկանում ենք քաղաքակիրթ երկրի պես հասնել: «Եթե ուզում ենք, որ հաշմանդամություն ունեցողները լիարժեք կյանքով ապրեն, լինի համընդհանուր ներառում, սա այս ամենին հակասում է»,- մանրամասնեց  ՀԿ հիմնադիրը:

Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի տնօրենը հիշեցնում է՝ թեեւ Հայաստանում համընդհանուր ներառական կրթությունը  լիարժեք ներդրված չէ, բայց տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել: «Կարելի՞ է  մեկուսացնել երեխաներին, փոքր քաղաք ստեղծել նրանց համար: Մենք ի՞նչ ենք ուզում ցույց տալ սրանով: Մենք նրանց պետք է հանրության մեջ ներառենք, առանց այդ էլ հարյուրավոր երեխաներ մեկուսացած են իրենց տներում, հատկապես մարզերում»:

Մեր զրուցակիցը համաձայն է այն կարծիքին, որ «Երեխաների քաղաքի» կառուցումից հետո որոշ ծնողներ կհրաժարվեն իրենց երեխաներից եւ նրանց այնտեղ կթողնեն տարբեր պատճառաբանություններով:

Հիմնավորմանը, թե Իտալիայում Երկրորդ աշխարհամարտից հետո նախագիծը հաջողությամբ կիրառվել է, Նարինե Մանուկյանն ասաց՝ Իտալիայի փորձին ծանոթ չէ, բայց եթե 1-2 երկրում դա կիրառվել է, չի նշանակում, թե հաջող փորձ է: «Ես եղել եմ բազմաթիվ երկրներում եւ կարող եմ ասել՝ Հայաստանում, ի տարբերություն շատ երկրների, հաշմանդամություն ունեցողների նկատմամբ վերաբերմունքը լավ է»,- հավաստիացնում է նա:

ՀԿ ղեկավարը չի բացառում, որ այս ծրագրի շնորհիվ մանկական աղքատությունը կկրճատվի, սոցիալապես անապահով երեխաները կզարգանան, բայց այդքան մեծ գումարով, ըստ նրա, կարելի է համայնքներում ծառայություն ունենալ, որը կօգնի հաշմանդամություն ունեցող երեխայի զարգացմանը եւ ընտանիքից չկտրվելուն:

Քանի որ ծրագիրը Արարատի մարզում է իրականացվելու, փորձեցինք բանավոր պարզաբանում լսել նաև մարզպետարանից, սակայն մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել: Պատասխան ստանալուն պես այն կհրապարակենք:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը եւս մտահոգություն է հայտնել նախագծի մասին:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here