Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկն իր 94-րդ համերգաշրջանը բացեց կարևորագույն երաժշտական իրադարձությամբ՝ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնով: Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և կտևի մինչ հոկտեմբերի 25-ը:
«Այս փառատոնին մեզ հաջողվել է շատ լավ դիրիժորներ բերել, ինչը հավատացնում եմ՝ դժվար է: Սկզբունքորեն մենք հրավիրում ենք բացառապես երաժշտական բարձր մակարդակով երաժիշտների, ում համար երաժշտությունն առաջնային է: Հաճախ արվեստը ծառայում է անհատի սեփական նպատակներին. դա մեր դարի սոսկալի երևույթներից է և տիեզերական արագությամբ զարգանում է աշխարհում՝ մասնավորապես Հայաստանում: Ձգտում եմ, որ ֆիլհարմոնիկում խոսքը միշտ երաժշտության ու որակի մասին լինի»,- ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հայաստանից և ողջ աշխարհից 16 բարձրակարգ երաժիշտներ կներկայացնեն շուրջ 13 սիմֆոնիկ և կամերային համերգներ, կանցկացնեն անվճար վարպետության դասեր: Փառատոնն անցնում է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության և «Կոնվերս Բանկ»-ի աջակցությամբ: «Կոնվերս Բանկ»-ի գործառնությունների, ծառայությունների և ՏՏ տնօրեն Գոհար Հարությունյանն ասում է՝ երևանյան երաժշտական միջազգային փառատոնը Հայաստանի մշակութային կյանքի կարևոր նախագծերից է:
«Արդեն երկրորդ տարին «Կոնվերս Բանկ»-ը հանդես է գալիս որպես փառատոնի գլխավոր գործընկեր՝ մեր երաժշտասեր հանրությանը հնարավորություն տալով մեկ ամիս շարունակ հաղորդակից լինել դասական երաժշտությանը՝ հայ և արտասահմանյան լավագույն երաժիշտների կատարմամբ: Սա Բանկի և Ֆիլհարմոնիկ Ազգային նվագախմբի համագործակցության շրջանակում հերթական նախագիծն է՝ անցած մեկ տարվա ընթացքում Բանկն աջակցել է նաև երևանյան երաժշտական 12-րդ միջազգային փառատոնի կազմակերպմանը, Ֆիլհարմոնիկ նվագախմբի համար երաժշտական գրադարանի ստեղծմանը, միասին են կազմակերպել նաև Ալիս Թերզյանի էնկուենտրոս խմբի երևանյան համերգները»,- ասել է Գոհար Հարությունյանը:
Սեպտեմբերի 19-ին կայանալիք համերգի սոլիստներն աստղային են, յուրահատուկ դահլիճներում ելույթ ունեցած երաժիշտներ՝ Ալեքսանդր Չաուշյանը, որը կներկայացնի Դվորժակի թավջութակի կոնցերտը, Շեփորահար Ռայնհոլդ Ֆրիդրիխը կներկայացնի Իլյա Շախովի Ռոմանտիկական կոնցերտը, իսկ Եվգենի Սուդբինը՝ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը:
Ռայնհոլդ Ֆրիդրիխն Անդրադառնալով Ռոմանտիկական կոնցերտին՝ նշեց, որ այն գրված է նվագախմբի մեծ կազմի համար:
«Մենք ձեզ կներկայացնենք Իլյա Շախովի խորհրդային դասական երաժշտության անհայտ գործերից, որը հազվադեպ է կատարվում աշխարհում: Անհամբեր սպասում եմ այս ստեղծագործության կատարմանը: Համոզված եմ, որ Հայաստանում կոնցերտը մեծ արձագանք կստանա»,-ասաց Ռայնհոլդ Ֆրիդրիխը:
Փառատոնի շրջանակում տեղի կունենան համերգներ նվիրված ՀՀ Անկախության օրվան, Արամ Խաչատրյան համերգասրահի անվանակոչման 40-ամյակին, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, Չեխոսլովակիայի Անկախության 101-րդ տարելիցին և այլ համերգներ:
Փառատոնի փակման գալա համերգը նվիրված է լինելու Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկի և «Կոնվերս բանկ»-ի երկարամյա համագործակցությանը: