ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից կառավարությանն ուղղված հարցապնդման ներկայացման ժամանակ ելույթ է ունեցել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուաբյանի այն դիտարկումներին, թե կառավարությունն անգրագետ պատասխաններ է տվել հարցապնդմանը, կոպիտ արձագանքել է. «Եթե ինչ-որ մեկը գրագիտությունից է խոսում, ապա այդքան անգրագետ չլինեիք ու չգրեիք բաներ, որոնք կառավարության իրավասության մեջ չեն մտնում»:
Հրայր Թովմասյանը հայտարերլ է, որ մի հարցում համամիտ է՝ կոռուպցիան մեր երկրի չարիքներից է, չարորակ ուռուցք է պետության համար, ինչպես օրգանիզմի համար:
«Անհեթեթություն ասեցիք, դրանից ձեր գրած անհեթեթությունը նորմալ բան չի լինի: Որ անգրագիտություն որակեցիք, դրանից ձեր արժեքը չի բարձրանա: Եթե քաղաքական երկխոսություն եք ուզում, մեկնած ձեռքը բռունցք մի դարձրեք, որովհետև այդ բռունցքին բռունցք է պատասխանելու՝ ավելի վատ, ավելի կոպիտ: Մենք խնդրի լուծման ճանապարհով գնում ենք, գիլիոտինը շատ թանկ բան է, բայց մենք գնում ենք դրան: Մենք խնդրել ենք և ԵԱՀԿ-ի, և գերմանական կառավարության մասնագետներ, որ մեր օրեսնդրությունը փորձաքննության ենթարկեն: Ի՞նչ եք կարծում՝ Կիպրոսի կառավարության փախարե՞ն էլ մենք պիտի պատասխան տանք, թե ինչու իրենք պատասխան չեն տալիս: Եթե կարծում եք, որ այդքան հզոր ենք, որ իրենց վրա էլ կարող ենք ազդել, ուրեմն հզոր ենք»,- նշել է Հրայր Թովմասյանը: