Նոր ենք սկսել, ի՛նչ հրաժարականի մասին է խոսքը: Այս մասին Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին մամուլի տեղեկություններին:
«Ես ուղղակի կխնդրեմ, որ դուք դեղին մամուլը հանեք ձեր մակարդակի, ոչ թե հակառակ պրոցեսը լինի: Ինչի՞ մասին է խոսքը: Մենք 6500 քմ մեր մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, մենք 2 մլրդ դրամով ավելացրել ենք մեր բյուջեն: Մենք հետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերները, անօրինական սեփականաշնորհումները: Մենք մեծ կառուցապատում ենք սկսում, մեծ պլաններ ունենք: Ի՛նչ հրաժարականի մասին է խոսքը:
Քաղաքապետը թվարկեց, թե որքան մեծ աշխատանք է իրականացվել․ «Այսքանն անելու հետ մեկտեղ ինչպե՞ս կարող է մարդ մտածել հրաժարականի մասին: Հրաժարական տամ, որ այլեւս մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞մ»։