Բարի քաղաքի հայկական համայանքի (Հարավային Իտալիա) նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին Բարիի Քաղաքացիական թանգարանում կներկայացվի Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» գրքի առաջին իտալալեզու թարգմանությունը: Գիրքը հրատարակել է Սալենդո համալսարանի դասախոս և թարգմանիչ, պրոֆեսոր, արաբագետ Գեղամ Բոլոյանը:
Գիրքը կներկայացնեն «Պուլիայի հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուբեն Թիմուրյանը և «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի հիմնադիր և ղեկավար Կարլո Կոպպոլան:
Կարլո Կոպպոլան AraratNews.am-ի հետ զրույցում նշեց, որ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ժամանակակից հասարակության համարը այն նույնպես կարող է դաստիարակչական և ուսուցողական նշանակություն ունենալ. «Քանզի այն պատմությունը, որը վեպում նկարագրվում է, չի տարբերվում նույն ժամանակաշրջանի իտալական պատմություններից: Երբ մենք խոսում ենք Հայաստանից, այն ասոցացնում ենք Հայոց ցեղասպանության ու տխրության հետ: Պարոնյանը մեզ և մեր շրջապատին սովորեցնում է ծիծաղել: Այսօր ամբողջ աշխարհը սարկազմի կարիք ունի, քանի որ մարդկանց գործած սխալներն այնքան էլ լուրջ չեն թվում: Պարոնյանի ստեղծագործությունն այնքան կրթադաստիարակչական է, որքան Կոմիտասի ու Թումանյանի գործերը, այնուամենայնիվ, Պարոնյանի մանկավարժությունն ավելի մոտ է մեր ժամանակներին ու մեր ունեցած կարիքներին»:
Կարլո Կոպպոլայի խոսքերով՝ Իտալիայի Պուլիա մարզի մշակութային արմատներն անկասկած հայկական են: Հայակական տառերով գրված առաջին փաստաթուղթը 990 թվականի է (10-րդ դար): 12-րդ դարի Բարիի հայկական տաճարը ևս հայկական հետքի վկայություն է:Նոր Արաքս գյուղը, որը հիմնել է գրող Հրանտ Նազարյանցը, 1924-ին ընդունել է հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած փախստականներին: Բարիում ու Պուլիայում շատ ազգանուններ հայկական ծագում ունեն. «Դեռ ավելին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համարվում է Իտալիայի Նարդո քաղաքի հովանավորը: Նախքան Նեապոլ տեղափոխելը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները Նարդոյում են եղել»:
Կարլո Կոպպոլան հավելեց, որ պրոֆեսոր, արաբագետ Գեղամ Բոլոյանը նոր չէ թարգմանության ոլորտում: Դասավանդելով արաբերեն ու արաբական գրականություն՝ նա հաճախ է իր ուսանողներին հրավիրում սովորելու սփյուռքի պատմության ու մշակութային կլիմայի մասին: Պարոնյանի գիրքը, որը նա թարգմանել է, խմբագրել է իր ուսանողուհի Սաբրինա Կոլետտան. «Բոլոյանը թարգմանել է Աղավնի Բողոսյանի Հայոց ցեղասպանության մասին պատմությունը, Սիրիայի արաբ գրողների հիշողությունների վրա հիմնված Նորա Արիսյանի էսսեն: Նկարիչ Ալեքսանդր Հակոբ Սարուխանի գիրքը թարգմանելու համար պրոֆեսորը համեմատել է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն տարբերակները, ապա նոր միայն սկսել իր աշխատանքը»:
Նշենք, որ Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումը կանկացվի դեկտեմբերի 7-ին՝ «Կասա դել Պետրարկա» թանգարանում: