Բրիտանացի հայտնի ճարտարապետ Նորման Ֆոսթերը Մեքսիկայում կկառուցի 9.16 մլրդ դոլար արժողությամբ օդանավակայան։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը։ Ֆոսթերի խոսքերով՝ կառույցն իրենից ներկայացնելու է «թռչող և նորարարական շինություն»։
Թերթը նշում է, որ մրցույթին ներկայացվել է մի քանի նախագիծ, սակայն հաղթել է մեքսիկացի ճարտարապետ Ֆերնանդո Ռոմերոյի հետ Ֆոսթերի համատեղ նախագիծը։ Ռոմերոն աշխարհի ամենահարուստ մարդու՝ Կարլոս Սլիմի դստեր ամուսինն է։
Մեխիկոյի նոր օդանավակայանը կունենա լատինական «X» տառի տեսք, կառուցման ժամանակ հաշվի կառնվեն Մեքսիկայի պետական խորհրդանիշները։ Այդ օդանավակայանը տարեկան կարող է սպասարկել մինչև 120 մլն ուղևոր։
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոն հայտարարել է, որ օդանավակայանը կդառնա ժամանակակից Մեքսիկայի խորհրդանիշը։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կմեկնարկի դրա կառուցումը։