տուն Քաղաքական Հայաստան Մեզ վիճակված է առավել արտառոց որոշումներ կայացնել. պատգամավոր

Մեզ վիճակված է առավել արտառոց որոշումներ կայացնել. պատգամավոր

341
0
Նարեկ Մկրտչյան

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը իր ելույթում, մասնավորապես, ասաց.

«Ես բարձր եմ գնահատում իրավաբան գործընկերներիս մասնագիտական վերլուծությունները, բայց այսօր, երբ սպառնալիքի տակ է մարդկանց կյանքը, կառավարությանը և մեզ վիճակված է արտառոց որոշումներ կայացնել, որոնք հաճախ կարող են առավելապես քաղաքական, քան սահմանադրական հիմքեր ունենալ․ սա կոչվում է «արտակարգ» կամ «բացառիկ իրադրություն»՝ կառավարման օրինաչափ հարացույց։ Այս հայեցակարգի հեղինակը ես չեմ, այլ մերօրյա հայտնի իտալացի փիլիսոփա Ջորջիո Ագամբենը։ Ըստ նրա՝ գործադիր իշխանությունը կարող է սահմանափակել կամ նույնիսկ շրջանցել որոշակի իրավակարգեր, եթե այդ գործողության հիմքում հանրային անվտանգության և ճգնաժամի հաղթահարման տրամաբանությունն է։ Այն է՝ եթե ձեռնարկվող բացառիկ միջոցառումները ստեղծված արտակարգ դրությունից են բխում և, որպես այդպիսին, պետք է իմաստավորվեն գլխավորապես քաղաքական և ոչ իրավասահմանադրական հիմքերով, ապա այդ միջոցառումներն իրավական տեսանկյունից հայտնվում են պարադոքսալ վիճակում և չեն կարող մեկնաբանվել բացառապես իրավունքի սահմաններում։ Երբ կորոնավիրուսի վարակը հայտնվեց Իտալիայում, հայտնի փիլիսոփան սկսեց այլ կերպ մեկնաբանել տեսական իր հայեցակարգը։ Դեռ փետրվար ամսին անդրադառնալով իտալական կառավարության կողմից արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների վերահսկման տարբեր գործիքների կիրառման նախաձեռնություններին՝ Ագամբենը դրանք համարում էր արհեստական վախի իրավիճակի ստեղծմամբ մարդկանց վերահսկելի դարձնելու, իսկ կառավարության լիազորություններն ավելի ընդլայնելու լեգիտիմ պատրվակ։ Շատ իտալացիներ, այդ թվում՝ Ագամբենն ինքը, ցավոք սխալվեցին՝ լրջորեն չհետևելով կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված սահմանափակումներին։ Իտալիայում ունենք մի պատկեր, երբ օրական հարյուրավոր մարդիկ են մահանում։ Քանի դեռ ուշ չէ, եկեք մի կողմ դնենք կոնսպիրոլոգիական տրամաբանությունը։ Առկա է «արտակարգ իրադրություն», որի խաղի կանոնները թույլ են տալիս «խախտել որոշակի կարծրատիպեր և սահմաններ»: