տուն Լուրեր Մեզ մոտ բիզնեսի նախարարություն է, դա Մշակույթի նախարարություն չէ. քննարկում Գառնու տաճարի...

Մեզ մոտ բիզնեսի նախարարություն է, դա Մշակույթի նախարարություն չէ. քննարկում Գառնու տաճարի շուրջ

104
0

Garni

Այսօր մի շարք մտավորականներ լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեցին իրենց մտահոգություններըˋ կապված Գառնու տաճարի մոտ սրճարան կառուցելու հարցի հետ:

Գեղանկարիչ Սուրեն Խորենյանն ասում է, որ Գառնու տաճարը նախկին ԽՍՀՄ տարածքում միակ հեթանոսկան տաճարն է եղել:

«Բերդի պատերից այն կողմ ճիշտ է, կարելի է կառուցել եւ սրճարաններ, եւ տաղավարներ, որտեղ հուշանավերներ վաճառվեն, ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված: Բայց բերդի պատերից ներս դա չի կարելի: Դա մեր թագավորների սեփականությունն է, արժանապատվությունը, եւ պատերից ներս ոչինչ կառուցել չի կարելի»,- ասում է Խորենյանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է, որ Հասմիկ Պողոսյանը, եթե իսկապես լիներ Մշակույթի նախարար, պետք է ցրեր այն հանձնաժողովը, որը որ հաստատել էր Գառնու տաճարի մոտ սրճարան կառուցելու հարցը:

«Նույնը նա արեց փակ շուկայի հարցում: Նա խայտառակ եղավ: Ինքն էլ էր պայքարում դրա դեմ, բայց չկարողացավ, այդ դեպքում թող հրաժարական տար: Եթե նա հրաժարական տար, դա ապտակ կլիներ կառավարությանը: Ինչու չարեց, որովհետեւ նա մտավորական չէ: Պետք է համակարգը փոխել, այլապես մեզ մոտ բիզնեսի նախարարություն է, դա Մշակույթի նախարարություն չէ»,- ասում է Քալաշյանը:

Երեւանի ԳՄ նախագահ Աբգար Ափինյանը կարծում է, որ Գառնու տաճարի դեպքով հասարակությունը ականատես է լինում եւս մեկ բողոքի ակցիայի, քանի որ պետական կառավարման բոլոր ոլորտներում հայտնվել են պատահական մարդիկ:

«Ինչպես կարող է մշակութային ոլորտը ղեկավարել մի մարդ, ով տեղյակ չէ, թե  ինչ է հուշարձանը, ինչպես այն պետք է պահպանել: Նրանք իրազեկ չեն, գիրք չեն տեսել, գիրք չեն կարդում: Մասնագետը կարող է միայն որոշում կայացնել: Գառնու տաճարը մեր ժողովրդինն է: Մենք այսպես կործանելով գնում ենք: Ամբողջ աշխարհն ունի հիշողության դաշտ, մենք նեղացնում ենք այդ դաշտը եւ վերացնում, դա բոլորիս ցավը պետք է լինի»,- ասում է Ափինյանը:

Ճարտարապետ Արտակ Ղուլյանը կարծում է, որ պատմամշակությային ժառանագության նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի պետության գերակա շահը եւ ոչ առավել քան մասնավորի շահը:

«Փաստորեն հուշարձանների նկատմամբ վերաբերմունքը սիրողական, կամայական վերաբերմունք է, ոչ մասնագիտական: Չի կարելի այդ տարածքում սրճարան կառուցել, այդտեղ նաեւ ջրահեռացման, կոյուղու անցկացման ինժեներական հարցեր են առաջ գալու եւ այդ դաշտ չի կարելի մտնել»,- նշեց Ղուլյանը: