Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից ավելի քան 20 օր անց արդեն պարզ է, որ Մաքսային միությունը ոչ միայն որևէ օգուտ չի տալու Հայաստանին, այլև էականորեն վնասելու է մեր տնտեսությանը:
Առաջին և ամենամեծ հարվածը կլինի սպառման լայն ապրանքների և ավտոմեքենաների գների կտրուկ աճը: Բանն այն է, որ Մաքսային միության մաքսատուրքերը էականորեն բարձր են Հայաստանի գործող մաքսատուրքերից: Եթե Հայաստանը ներմուծվող ապրանքները մաքսազերծում է 0% կամ 10% մաքսատուրքով, ապա Մաքսային միության մաքսատուրքերը հասնում են մինչև 20%-ի: ԵՄ-ից ներմուծվող ապրանքների (դրանք, ի դեպ, ավելի շատ են, քան Մաքսային միության երկրներից ներմուծվողները) միջին մաքսատուրքը այսօր 2-3% է, իսկ դա նշանակում է, որ Մաքսային միություն մտնելուց հետո այդ թիվը էականորեն մեծանալու է` հանգեցնելով գների նշանակալի աճի: