տուն Տնտեսական Մաքսային միության տնտեսական վնասները ՀՀ-ի համար

Մաքսային միության տնտեսական վնասները ՀՀ-ի համար

305
0

888Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից ավելի քան 20 օր անց արդեն պարզ է, որ Մաքսային միությունը ոչ միայն որևէ օգուտ չի տալու Հայաստանի տնտեսությանը, այլև էականորեն վնասելու է նրան:

 

Առաջին և երևի թե ամենամեծ հարվածը կլինի լայն սպառման ապրանքների և ավտոմեքենաների գների կտրուկ աճը: Բանն այն է, որ Մաքսային միության մաքսատուրքերը էականորեն բարձր են Հայաստանի գործող մաքսատուրքերից: Եթե Հայաստանը ներմուծվող ապրանքները մաքսազերծում է 0% կամ 10% մաքսատուրքով, ապա Մաքսային միության մաքսատուրքերը հասնում են մինչև 20%-ի: ԵՄ-ից Հայաստան ներմուծվող ապրանքների (դրանք, ի դեպ, ավելի շատ են, քան Մաքսային միության երկրներից ներմուծվողները) միջին մաքսատուրքը այսօր 2-3% է, իսկ դա նշանակում է, որ Մաքսային միություն մտնելուց հետո այդ թիվը էականորեն մեծանալու է` հանգեցնելով գների նշանակալի աճի:

 

Երկրորդ վնասը վերաբերում է որակի վերահսկողությանն ու տեխնիկական չափանիշներին: Շուրջ 3,5 տարի գտնվելով ԵՄ հետ բանակցությունների մեջ` Հայաստանը միաժամանակ իրականացրեց պետական կառույցների մոդեռնացման և եվրոպական չափորոշիչների ներմուծման աշխատանքներ` ԵՄ ֆինանսավորած «Թվինինգ», «Թայեքս» և նմանատիպ այլ ծրագրերի շրջանակներում: Այստեղ ընդգրկված էին մեր գրեթե բոլոր պետական կառույցները` Պետեկամուտների կոմիտեից սկսած, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովով վերջացրած: Այսինքն` այսօր Հայաստանը տնտեսության պետական կարգավորման ընթացակարգերով շատ ավելի մոտ է եվրոպական ստանդարտներին, քան Ռուսաստանը, Բելառուսը կամ Ղազախստանը: Եվ եթե մենք մտնում ենք Մաքսային միություն, ստիպված ենք լինելու վերադառնալ հին, անարդյունավետ տեխնիկական չափորոշիչներին, որոնք այսօր կիրառվում են Ռուսաստանում և Բելառուսում: Պատահական չէ, որ Ռուսաստանի արտահանման ավելի քան 95%-ը նավթը, գազը, հանքահումքային չմշակված այլ ռեսուրսներն ու փայտանյութն են, և այս երկիրն ի վիճակի չէ արտահանել որևէ մրցունակ պատրաստի արտադրանք:

 

Մյուս վնասը վերաբերում է տնտեսական քաղաքականություն վարելու ինքնուրույնության կորստին: Ի տարբերություն ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի, որը ընդհանրապես չէր սահմանափակում ինքնուրույն տնտեսական որոշումներ կայացնելու հնարավորությունը, Մաքսային միությունը թույլ չի տալու, որ Հայաստանը առևտրին վերաբերող ինքնուրույն որոշումներ կայացնի. բոլոր որոշումները կայացվելու են միասնաբար, այլ կերպ ասած` Մոսկվայում: Սա է պատճառը, որ Ղազախստանում արդեն խոսակցություններ են գնում Մաքսային միությունից դուրս գալու վերաբերյալ: Ավելին, խոսք է գնում բոլոր երկրներում ռուբլու գոտի ստեղծելու մասին, ինչը պարզապես կործանարար կլինի Հայաստանի տնտեսության ու հատկապես` բանկային համակարգի համար (Հայաստանի բանկային համակարգը այսօր մի քանի գլուխ բարձր է ու մոտ եվրոպական չափանիշներին, քան Ռուսաստանինը):

 

Շատ կարևոր է այն, որ սահմանի բացակայության պայմաններում Մաքսային միության երկրների հետ մեր կապը ապահովվելու է Վրաստանի միջոցով: Մինչդեռ Վրաստանը մտնելու է ԵՄ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի: Սա նշանակում է, որ Վրաստանը անսահմանափակ հնարավորություն է ստանալու բարձրացնել ինչպես զուտ ցամաքային փոխադրումներից, այնպես էլ ծովից օգտնելու վճարները Հայաստանի համար: Նման հնարավորություն Վրաստանը չէր ունենա, եթե մենք ևս մտնեինք ԵՄ ազատ առևտրի գոտի: Թե ինչպես կօգտագործի իր այդ հնարավորությունը Վրաստանը, կբարձրացնի իրականում վճարները, թե ոչ` արդեն կարևոր չէ: Որովհետև մենք արդեն իսկ նրա ձեռքը հզոր գործիք ենք տալիս: Այսինքն` վճարները չբարձրացնելու դիմաց Վրաստանը բազմաթիվ այլ բաներ կարող է պահանջել Հայաստանից:

 

Այս ամենը, իհարկե, բոլոր վնասները չեն: Բայց ամենակարևորը մեր` այսպես ասած բաց թողնված հնարավորություններն են, որոնք վերաբերում են ԵՄ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին: Տնտեսության ամբողջական մոդեռնիզացում և օրենսդրության համապատասխանեցում ԵՄ չափանիշներին, մրցունակության ու արտահանման շեշտակի աճ, միլիարդավոր դոլարների ներհոսք և այլն. այս ամենը մենք կունենայինք, եթե ԵՄ հետ ստորագրեինք Ասոցացման համաձայնագիրը:

 

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here