Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասնակցությամբ Մաքսային միությունը չի կարող այլընտրանք լինել Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։ Այս մասին երեկ Trend գործակալությանն ասել է Թուրքիայի ռազմավարական մտքի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Յասին Ակտայը։
Հիշեցնենք, որ Մինսկում կայացած Մաքսային Միության գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը Թուրքիայի առաջարկել էր միանալ Մաքսային Միությանը։
Ակտայի խոսքերով՝ Թուրքիան 1994 թվականին միացել է ԵՄ մաքսային պայմանագրին, և այն ժամանակ կարծիք կար, թե պայմանագրի ստորագրումը կթուլացնի Թուրքիային։ Սակայն տեղի ունեցավ հակառակը, և Թուրքիայի տնտեսությունն ամրապնդվեց։ Սակայն այդ պայամանագրի գոյությունը չի նշանակում, որ Թուրքիան շահագրգռված չէ Եվրասիական մաքսային միությանը միանալուն, քանի որ բոլոր երկրների հետ տնտեսական հարաբերությունների սերտացումը Թուրքիայի օրակարգային խնդիրներից է։
Ակտայը նաև հավելել է, որ մեկ տարի առաջ Անկարայում տեղի են ունեցել Միությանն անդամակցելու բանակցություններ, սակայն դրանք այժմ կորցրել են իրենց արդիականությունը։