Մեկ տարվա ընթացքում Մաքսային միության անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 13 տոկոսով։ Եվրասիական տնտեսական միության պաշտոնյաներն ասում են, որ դա պայմանավորված է համաշխարհային շուկայում էներգակիրների գների անկմամբ, էներգաարդյունավետության մեծացմամբ և Ղազախստանում մեքենաշինության տեղայնացմամբ՝ հույս հայտնելով, որ իրավիճակն այս տարի կփոխվի։ Այս մասին հաղորդում է Kommersant-ը։
Այս տարվա առաջին եռամսյակում այդ թիվը կրճատվել է 12.6 տոկոսով։ Առանց էներգակիրների հաշվարկի, որին բաժին է ընկնում փոխադարձ առևտրաշրջանառության 33 տոկոսը, այս ցուցանիշը նվազել է ևս 9.2 տոկոսով։ Արտաքին աշխարհի հետ այս երկրների առևտրաշրջանառության ցուցանիշները զգալի անկումն ավելի թեթև է՝ ընդամենը 2.1 տոկոս։
Փորձագետները նշում են, որ այս միության ձևավորումից ի վեր՝ 2011 թվականի հուլիսից, բուռն աճ նկատվել է միայն 2012 թվականի առաջին եռամսյակում՝ 21 տոկոս, իսկ տարեկան աճն այդ թվականին կազմել է 7.5 տոկոս։ Համեմատած 2011 թվականի առաջին եռամսյակի հետ, այս երկրների ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին եռամսյակում նվազել է 0.03 տոկոսով։
Փորձագետներն այս տապալումը բացատրում են նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով և այդ երկրից ներդրումների դուրս բերմամբ։ Թվերը ցույց են տալիս, որ աճել են Բելառուսի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունը՝ 12.8 տոկոս, բայց քանի որ եռակողմ ֆորմատում դա կազմում է ընդամենը 1.5 տոկոս, ապա այն կարելի է չնչին համարել։ Ղազախստանի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 13 տոկոսով, իսկ Բելառուսի հետ՝ 7.3 տոկոսով։