Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Մարտունու բժշկական կենտրոնում մասնակցել է հեմոդիալիզի բաժանմունքի բացմանը:
Հեմոդիալիզի բաժանմունքի շնորհիվ պացիենտներն այլևս ստիպված չեն ուղևորվի այլ քաղաք, այլ կարող են բուժվել հենց տեղում: Բաժանմունքում արդեն դիալիզ է ստանում 25 մարդ: Հեմոդիալիզի բաժանմունքը նախատեսված է 30-ի համար: «Հավատարիմ մնալով մեր խոստմանը՝ Մարտունու բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունք բացվեց: Նոր կենտրոնում նախատեսվող սարքերը առայժմ տեղադրվել են հնում»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Մարտունու ԲԿ-ում, ծանոթացել պայմաններին ու ծառայություններին, մասնավորապես՝ Արսեն Թորոսյանը եղել է կենտրոնի լաբորատորիայում, վերակենդանացման բաժանմունքում և հիվանդասենյակներում, հեմոդիալիզի բաժանմունքում: Առաջիկայում նախատեսվում է Մարտունիում նոր բժշկական կենտրոն կառուցել, որի նախագիծը ներկայացվել է ոլորտի պատասխանատուներին:
«Մենք քաղաքականություն ենք որդեգրել, որ Հայաստանում բոլոր նոր հիվանդանոցները պետք է մոդուլային տեսակով կառուցվեն. առաջինն անում ենք Մարտունիում: Տարածաշրջանը, լինելով շատ խիտ բնակեցված, անհրաժեշտություն ունի բարձրորակ բժշկական ծառայությունների»- ասել է նախարարը:
Այնուհետև Արսեն Թորոսյանն այցելել է ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատ: Նախարարը նորակոչիկներին մաղթել է հայկական բանակում բարի ծառայություն, ուժ և տոկունություն: