տուն Հասարակություն Իրավական Մարտի 1-ի գործով դատապարտված նախկին բանտապետն արդարացվեց

Մարտի 1-ի գործով դատապարտված նախկին բանտապետն արդարացվեց

278
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած այսօրվա դատական նիստում որոշեց արդարացնել Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին, ով առողջական վիճակով պայմանավորված ներկա չէր դատական նիստին։

Հիշեցնենք, որ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը, ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ին: Նույն տարվա հոկտեմբերին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու համար:

Այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը հանդես եկավ հայտարարությամբ․ «Հրաժարվում եմ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու պահանջից»։

Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանը «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների՝ մասնավորապես, խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության իրավունքների խախտումներ։