տուն Քաղաքական Վերլուծական Մարտի 1-ի բռնություններն ու ռոբասերժականների հիշողության մթագնումը

Մարտի 1-ի բռնություններն ու ռոբասերժականների հիշողության մթագնումը

685
0

2008 թ. Մարտի մեկի արյունոտ ոճրագործությունից անցել է 12 տարի: 2 տարի առաջ՝ մինչեւ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը դժվար էր հավատալ, որ երբեւէ հանցագործության կծիկը կբացահայտվի, կազմակերպողներն էլ կհայտնվեն մեղադրյալի աթոռին:

Իսկ ինչ կատարվեց 2008-ի Մարտի մեկին: Նախագահական ընտրությունների արդյունքները չընդունած հայ հանրությունը, ընդդիմադիր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղեկցությամբ, պահանջում էր անվավեր ճանաչել ընտրության արդյունքները: Հանրության ճնշող մեծամասնությունը, ընտրական գործընթացներին մասնակցածները պնդում էին՝ Սերժ Սարգսյանը կեղծիքով է ընտրվել ՀՀ ղեկավար, եղել են զանգվածային ընտրախախտումներ: Երկրի ղեկավար էր իրականում ընտրվել ընդդիմադիր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ինչ արեց 2008 թվականի իշխանությունը: Քոչարյան-Սարգսյան զույգը նախ ակնարկել է, որ կառավարության համբերության բաժակը կարող է լցվել, ապա  տեսնելով, որ դա չի վախեցնում 100.000 ցուցարարի, դիմել են ուժի: Մարտի մեկի վաղ առավոտյան նռնակներով, զենքերով, էլեկտրական սարքերով, մահակներով հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Ավելին՝ 2008-ին Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Վանյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատել են՝ բողոքող քաղաքացիների խաղաղ հավաքը ճնշելու ու ցրելու գործընթացին նաև բանակն է մասնակցել:

Բռնություններն այսքանով չեն ավարտվել: 2008 թ. իշխանությունը պետք է փորձեր ժողովրդի դեմ ծեծուջարդը, ժողովրդին սատարած գործարար Խաչատուր Սուքիասյանի ունեզրկումը, միլիոնավոր դոլարների վնաս պատճառելը, ցուցարարներին առաջադրված անհիմն մեղադրանքները «փաթեթավորել» ինչ-որ օրենքով՝ միջազգային հանրության առաջ չվարկաբեկվելու, սեւերես չմնալու, նրանց հետ խնդիրներ չունենալու համար, սակայն այդ պրոցեսն էլ անարյուն չի անցել:

Մարտի մեկի ցուցարարները վերհիշում են՝ իրավապահները փորձել են ծեծելով, սպառնալիքով ցուցմունք կորզել Մարտի մեկի ցույցը առաջնորդող քաղաքական գործիչների դեմ, կեղծ ցուցմունքների հիման վրա մեղադրանք առաջադրել խաղաղ ցուցարարներից շատերին, հալածել նրանց ընտանիքներին, կարեկցանքի ոչ մի նշույլ չդրսեւորել:

Այս ամենի ֆոնին զավեշտալի է այսօր Մարտի մեկի գործով ամբաստանյալի աթոռին հայտնված նախկին պաշտոնյա-ամբաստանյալների քննադատությունը: Ունենալով  ահռելի ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ՝ ամբաստանյալ-մեղադրյալները ազատ հայտնում են իրենց կարծիքը, նրանք ու իրենց հարազատները զերծ են ֆիզիկական ու հոգեբանական բռնությունից, ավելին՝  Մարտի մեկի գործով տուժած ցուցարարներին կաշառք  են առաջարկում եւ փորձում ազդել գործի անաչառ քննության վրա: Ու այսքանից հետո, երբ քոչարյանասերժական ռեւանշիստական  կլանը, որը ջանք ու եռանդ չի խնայում պատմության եւ ժամանակի անիվը ետ պտտացնելու, իրեն հարազատ մեթոդներով զավթելու իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն օգտագործում կլանին հոգեհարազատ վայրագ ու բռնի մեթոդները՝ հավատարիմ մնալով օրենքի տառին ու հեղափոխության ոգուն՝ հետայսու ոչ մի բռնություն, ոչ մի անօրենություն ՀՀ քաղաքացիներից եւ ոչ մեկի հանդեպ: