Օրերս լրացավ 2008-ի մարտյան արյունալի դեպքերի 6-րդ տարելիցը:
Մինչ օրս էլ հասարակության մեջ առկա է աննկարագրելի դժգոհություն իշխանության նկատմամբ: Սերժ Սարգսյանն ու իր գլխավորած Հանրապետական կուսակցությունն այդպես էլ չկարողացան լուծել իրավական պետության ղեկավարության համար այդքան անհրաժեշտ լեգիտիմության հարցը:
Այս 6 տարիներին հայրենի իշխանությունները ձախողվել են բոլոր բնագավառներում, բոլոր նորարարական նախաձեռնությունները բախվել են հասարակական լայն դժգոհության ալիքի՝ դրանով իսկ փոշիանալով: Հիշենք իշխանությունների վերջին աղմկահարույց որոշումները՝ տրանսպորտի թանկացում, գազային պայմանագրեր, Մաքսային Միություն մուտք գործելու որոշում, Կենսաթոշակային բարեփոխումներ և այլն: Թվում էր, թե այս տարվա մարտիմեկյան իրադարձությունները լինելու են վճռականության, ելքերի առաջարկման հանգրվան: Համենայն դեպս, հասարակական ընկալումները, իշխանությունների ռեակցիաներն ու բռնությունները խոսում էին դրա մասին:
Սակայն Մարտի մեկի գլխավոր իրադարձությունը՝ հանրահավաքը, մեծ հաշվով, չհամապատասխանեց հասարակական պահանջմունքներին, անգամ զարմանք չառաջացրեց, եթե չհաշվենք հանրահավաքում հնչած անակնկալ համեմատությունները:
Եթե ամփոփելու լինենք այս 6 տարիները, պարզ է, որ Մարտի 1-ի՝ ոչ քաղաքական, ոչ իրավական համարժեք գնահատականները դեռևս տրված չեն:
Իշխանությունները ամենայն հավանականությամբ թույլ կտան Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողովի ստեղծումը, ի վերջո պատասխանատուներ հայտնաբերելու իմիտացիա ստեղծելու, ինչու չէ՝ մեկ-երկու ցածրաստիճան ոստիկանի էլ որպես քավության նոխազ պատժելու համար:
Արմեն Մկրտչյան