տուն Լուրեր Մարտի մեկի քաղաքական էջը փակելու ժամանակն է. Աղվան Վարդանյան

Մարտի մեկի քաղաքական էջը փակելու ժամանակն է. Աղվան Վարդանյան

90
0

axvan

Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին, ասաց, որ այդ քաղաքական էջը փակելու ժամանակն է:

«Բայց զոհերի հարազատների խնդիրները պետք է կարգավորել: Որպես քաղաքական էջ պետք է  շրջել այս էջը եւ նայել առաջ,  բայց տուժողներին, զոհերի հարազատներին համապատասխան փոխահատուցում է պետք տալ»,- ասաց Վարդանյանը եւ հավելեց, որ ինքը վաղը չի մասնակցելու մարտի 1-ի հանրահավաքին:

Նա նշեց նաեւ, որ մարտի 1-ի հետ կապված որեւէ մեղադրանք չի կարող լինել ՀՅԴ-ի հասցեին:

«Մարտի մեկի հետ կապված որեւէ փաստարկ, մեղադրանք, այդ թվում քաղաքական մեղադրանք չի կարող հնչել  մեր կուսակցության հասցեին: Միակ դրվագը, որի մասին խոսվել է, այն է , որ մարտի մեկից հետո ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ է եղել, բայց դա բոլորովին այլ օպերա է»,-ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով նաեւ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների խնդրինˋ Վարդանյանը ասաց, որ միակ մտահոգությունը «Նաիրիտի» կոլեկտիվի չքայքայումն է:

«Մասնագետներ կան, որ ուրիշ տեղերում չկան: Երկրորդը այն է, որ հանկարծ պարտատերերի պահանջով «Նաիրիտը» սնանկ չհայտարարվի, որովհետեւ եթե սնանակ ճանաչվեց, հնարավոր չի լինելու վերականգնել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում»,-ասաց պատգամավորը:

Նա հավելում է, որ քաղաքական մեծամասնությունը չգնաց հաստատելու Նաիրիտի հարցով հանձնաժողով ստեղծելուˋ ՀՅԴ-ի առաջարկին, բայց հնարավոր է, որ դատախազությունը զբաղվի այդ հարցերով եւ իրենք գնան այդ քայլին:

«Երկրորդըˋ մենք պատրաստվում ենք հրապարակային քննարկում անցկացնելˋ հրավիրելով մասնագետների, պաշտոնյաների, մարդկանց,  ովքեր ժամանակին աշխատել են «Նաիրիտում»: Հանրային իրազեկումը շատ կարեւոր է»,-ասաց Վարդանյանը: