տուն Քաղաքական Հայաստան Մարուքյանի մտահոգությունները փարատվել են. ինչ են խոսել պատգամավորն ու վարչապետը

Մարուքյանի մտահոգությունները փարատվել են. ինչ են խոսել պատգամավորն ու վարչապետը

363
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ԱԺ-ում ներկայացնում է կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականը, այսօր կեսօրի ընդմիջմանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում էր, գրում է «Հայկական ժամանակը»:

Երբ խմբակցությունից դուրս գալուց հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էին քննարկում այնտեղ, Փաշինյանն ասաց, որ սուրճ էին խմում: Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետաքրքրասիրությունը փորձեց բավարարել՝ տեղեկացնելով, որ սուրճը խմում էին դառը:

Ասաց նաեւ, որ զրուցել են Արցախյան հիմնախնդրի հարցում ունեցած մտահոգությունների եւ շահարկվող տեղեկությունների մասին: Խոսքը, ըստ նրա, վերաբերում է այն շահարկումներին, ըստ որոնց՝ ամեն օր Արցախը հանձնում են։

«Երեկ ընդմիջմանը հրավիրել էինք արտգործնախարարին, զրուցել ենք եւ սուրճ խմել: Թեման եղել է այն բոլոր, այսպես ասած, մտահոգությունները, շահարկումները Արցախի հիմնախնդրի հետ կապված: Այսօր էլ վարչապետին էի հրավիրել՝ էլի նույն թեմայով: Էլի զրուցել ենք եւ սուրճ խմել»,- հայտարարեց Մարուքյանը:

Հարցին, թե ի՞նչ է պատասխանել վարչապետը, Մարուքյանն ասաց, որ փարատվեցին իր մտահոգությունները, այս պահին ինքն այլեւս մտահոգություն չունի Արցախի հիմնախնդրի հետ կապված:

Երբ լրագրողները փորձեցին ճշտել, թե ի՞նչ ասաց վարչապետը, որ փարատվեցին, Մարուքյանը պատասխանեց.

«Էն բոլոր հրապարակային հայտարարությունները, որոնք արվում են, դրանից դուրս այլ բան չկա»:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը վստահեցրեց՝ ոչ մի ներքաղաքական խնդիր չեն քննարկել: