«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն օրեր առաջ մի զավեշտալի հայտարարություն է արել:
Նա խոսել է իշխանության՝ իրենց կուսակցության հասցեին հնչող մեղադրանքների մասին, ապա ասել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ թավշյա հեղափոխությունը Սերժ Սարգսյանի աչքերին նայելով քաղաքական ելույթ չի ունեցել:
Այս հայտարարությունն առնվազն զավեշտալի է, քանի որ Գեւորգ Գորգիսյանը, լինելով փորձառու պատգամավոր, պետք է հիշեր՝ Նիկոլ Փաշինյանը չէր էլ կարող Սերժ Սարգսյանի աչքերին նայել, քանի որ մինչեւ 2015 թ-ը՝ սահմանադրական փոփոխությունները, Հայաստանում նախագահական համակարգ էր, իսկ նախագահը ԱԺ չէր գալիս, չէր մասնակցում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, հնչեցնում էր սուր հարցեր, քննադատում Սերժ Սարգսյանին, որոնք լսում էին կառավարության անդամները՝ կառավարության ղեկավարի գլխավորությամբ:
Սերժ Սարգսյանը ԱԺ եկել է որպես վարչապետ 2018 թ-ի ապրիլի 17-ից ապրիլի 23-ը, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էին ունենում զանգվածային բողոքի ակցիաներ ընդդեմ նրա երրորդ պաշտոնավարման: Իսկ թե ինչպիսի ելույթներ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, Գեւորգ Գորգիսյանը հաստատ կհիշի, քանի որ պատգամավոր է եղել «Ելք» խմբակցությունում, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն էր: