Արագածոտնում «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» համաժողովից հետո «Ֆեյսբուք»-ի օգտատեր Ակսել Տեր-Գուլանյանը հորդորել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաճախ գալ մարզ, քանի որ նրա գալուց առաջ մի շարք խնդիրներ անմիջապես լուծվեցին՝ ճանապարհների գծանշումներից մինչև աղբի հավաքում, ճանապարհների բարեկարգում, նաև ոռոգման ջրի տրամադրում, թեեւ մեկ օրով՝ ըստ քաղաքացու: Վերջինիս գրառման, համաժողովի արդյունքների մասին Araratnews.am-ը զրուցեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի հետ:
Պարո՛ն Գեւորգյան, ինչպե՞ս եք արձագանքում քաղաքացի Ակսել Տեր-Գուլանյանի գրառմանը:
Այդ օգտատիրոջ ասածը սուտ է, հերյուրանք: Աղբահանությունը, ճանապարհների մաքրումը, փոսալցումը, նորոգումը, գծանշանների տեղադրումը ըստ ենթակայության արվում են ողջ տարվա ընթացքում ու կապ չունեն վարչապետի կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաների այցի հետ: Որեւէ հրահանգ չենք տվել որեւէ մեկին, որ վարչապետի գալուց առաջ ինչ-որ հատուկ բան անեն: Քիչ առաջ եմ հանձնարարել Թալին գնացող ճանապարհը ստուգել, տեսնել՝ մաքուր է, թե ոչ: Հիմա դա վարչապետի կամ որեւէ այլ պաշտոնյայի այցի հետ կապ ունի՞, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, դրա բաշխումն անում են ՋՕ-երը, որոնք ենթակա են Ջրային տնտեսության պետական կոմիտեին, որն էլ իր հերթին ենթակա է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: Բայց ասեմ, որ այս տարին բացառիկ էր, քանի որ մարզպետարանի դուռը չեն ջարդել ոռոգման ջրի խնդրով: Չեմ ասում, թե ոռոգման ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված է մարզում: Որ համայնքներն ունեն ոռոգման ջրի գրաֆիկի հասանելիություն, ոռոգման ջրից նորմալ օգտվել են:
Թեեւ ոռոգման ջուրը ՋՕ-երինն է, դուք փորձե՞լ եք քաղաքացու գրառումից հետո պարզաբանում ստանալ պատկան մարմիններից ոռոգման ջուրը տալու, հետո այն անջատելու մասին:
Այո, մենք ճշտել ենք, նման բան չկա, որ ջուրը տվել են մի քանի ժամով, հետո անջատել: Իրականությանը դա չի համապատասխանում: Մեր գյուղվարչությունն ամբողջ տարին դաշտերից համարյա տուն չի եկել: Ջրի գողությունն էլ վերացրել ենք: Մի քանի համայնքներ, որոնք տարիներ շարունակ ջուր չէին ստանում, հեղափոխությունից հետո ստանում էին: Ավելին՝ Աշտարակի շրջանի համայնքներից մի քանիսը նույնիսկ ասել է՝ մենք էլ ավելի քանակով ջուր չենք ուզում:
Բայց չեք հերքի, որ սովորաբար ղեկավարների այցից առաջ ամեն ինչ բերվում է իդեալական վիճակի, եւ ինչպես օգտատերերից մեկն էր գրել՝ կարծես թե փորձ է արվում «սաղ լավ» է օպերացիան բեմադրել նաև հիմա:
Իմ կարծիքով՝ թե մասնավոր, թե պետական համակարգում ղեկավարի գալուց առաջ ամեն ինչ ճշտում են: Բայց ոնց որ մեր զրույցի սկզբում նշեցի, չեմ ընդունում այն պրակտիկան, որ բարձիթողի վիճակ լինի, իսկ ղեկավարի գալուց հետո սկսեն աշխատել: Մեկ ամիս առաջ շրջում էի մեր համայնքներում, Սասունիկի հանգույցում վարորդն աղբ դուրս գցեց: Վարորդին շատ քաղաքավարի ասացի՝ ինչո՞ւ եք աղբը դուրս նետում: Հիմա դա մեկնաբանենք, որ մեկ ամիս հետո վարչապետը գալու էր, դրա համար արեցի՞: Ես չեմ ամաչի ասել՝ դարձել եմ մեր մարզի սանիտարը:
Պարո՛ն Գեւորգյան, դուք ճանաչո՞ւմ եք այդ քաղաքացուն, գիտեք՝ ինչո՞ւ է նման գրառում արել:
Ճանաչում եմ օգտատիրոջ հորեղբայրներին, որոնցից մեկը գրող Մերուժան Տեր-Գուլանյանն է: Օգտատիրոջ մյուս հորեղբայրը՝ Հայկազ Տեր-Գուլանյանն է՝ համայնքի նախկին ղեկավար, որի գործունեության որոշակի դրվագներ՝ հողերի հատկացումների եւ որոշակի գործընթացների հետ կապված՝ իմ ուշադրությանն են արժանացել: Ես էլ դրանք արժանացրել եմ իրավապահների ուշադրությանը: Ցանկանում են նաև քաղաքացու գործունեության մասին մի քանի բան ասել, որ հանրությունը ենթադրի՝ «ծուխը» որտեղից է գալիս: Քաղաքացին ուներ ապօրինի ցանկապատ: Համայնքի ղեկավարի, աշխատակիցների բազմաթիվ ծանուցումներից հետո նա հրաժարվեց քանդել այդ ցանկապատը, որը խոչընդոտում էր այլ քաղաքացիների տեղաշարժին: Համայնքապետարանն այն քանդեց: Հիմա ուսումնասիրության փուլում է մեկ այլ ցանկապատ, որտեղ ինչ-որ թոնիր է կառուցվում: Այն, ըստ նախնական ուսումնասիրությունների, կարծես թե ապօրինի է, շինթույլտվություն չկա: Համայնքի բնակիչներից վարչապետի աշխատակազմին էլ բողոք է գնացել, որն էլ մեզ է հասել: Բնակիչները բողոքում են այդ քաղաքացու որոշակի գործողություններից:
Դուք մտավախություն չունե՞ք, որ քաղաքացու գործունեության ուսումնասիրությունը գուցե ընկալվի այսպես՝ իշխանության վրեժը բողոքող քաղաքացուն: Ի վերջո, Հայաստանում շատ քիչ քաղաքացիներ կան, որոնք ապրել եւ ապրում են օրենքի տառին համապատասխան:
Այն, ինչ ասում եմ այդ քաղաքացու մասին, նոր բան չէ: Ավելին՝ նրա գրառումից հետո որեւէ գործողություն չի եղել քաղաքացու դեմ: Բայց անկախ հայացքներից՝ օրենքի գերակայությունն այլընտրանք չունի: Իմ հարազատներից շատերը, օրինակ, ինձանից նեղացել են, քանի որ ապօրինի շինարարություն թույլ չենք տվել անել: Ինձ անուն-ազգանունները չեն հետաքրքրում: Ինձ օրենքի տառն է հետաքրքրում: Մենք չենք գնում, խոշորացույցն առնում եւ քանդում ապօրինի շինարարությունները: Բայց եթե մի մարդ ցանկապատ է կառուցում, որը խանգարում է գյուղացիներին, ի՞նչ պետք է անենք. մենք աչք փակել չենք կարող: Մի բան էլ ասեմ՝ երբ ինձ սպառնում են աղմուկ բարձրացնելով, ինձ մոտ այդ գործելաոճը չի անցնում՝ շանտաժից, սպառնալիքից խեղճացող մարդ չեմ:
«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» համաժողովից հետո ինչպիսի՞ բիզնես պլաններ կան:
Կային մի շարք բիզնես ծրագրեր, որոնք համաժողովում չներկայացվեցին: Գործարարների հետ պայմանավորվեցինք՝ գործն անենք, հետո խոսենք: Համաժողովին դրական են արձագանքել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Այս պահին քննարկում ենք երկու համաշխարհային բրենդ, որոնք ներկայացված չեն Հայաստանում, բերել մեր մարզ եւ գործարան բացել:
Սոնա Դավթյան