— Սա քրեակատարողական հիմնարկի խնդիրը չի այնքան, որքան արդարադատության նախարարության, քաղաքական իշխանության վերաբերմունքը,- Araratnews.am-ի հետ զրույցում ասում է քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը, ով երեկ այցելել է Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանին:
«Շանթ Հարությունյանը հյուծված էր: Ես չգիտեմ ինչ կլինի, եթե նա մի քանի օր էլ շարունակի հացադուլը: Նույն վատ վիճակում է նաև Վահե Մկրտչյանը»,- ասում է Սաքունցը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը արդեն 15 օր է, գտնվում են հացադուլի մեջ և պահանջում է վերացնել հարազատների հետ տեսակցությունների արգելանքը:
«Թե´ քրեական գործի հարուցման, թե´ տեսակցությունների արգելանքը, թե´ հեռախոսազանգերի արգելանքը եւ քննչական գործողություններ չկատարելը, խոսում է այն մասին, որ մարդկանց ուղղակի վերցրել՝ փակի տակ են պահել»,- ասում է Սաքունցը:
Նրա խոսքով, եթե կա այդպիսի մտահոգություն, որ Շանթ Հարությունյանը եւ մյուսները ազատության մեջ գտնվելու դեպքում կարող են ազդել նախաքննության ընթացքի վրա, կարող են մեղադրյալները ինչ-որ բանի դեմ ցուցմունք չտալու համար պայմանավորվել, ապա դա չի կարող լինել, քանի որ ամեն ինչ իրենք բացահայտ են կատարել, իրենց գործողությունները եղել են հրապարակային եւ թաքցնելու ոչինիչ չի եղել:
«Հրապարակային էին նաեւ ոստիկանության այլանդակությունները, ի՞նչը պայմանավորվեն, կամ ի՞նչ ինֆորմացիա պետք է տան հարազատներին, որ հարազատը գնա օգտագործի ու տուժածի վրա ազդի: Իրենք էլ գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է, իրենք հանցագործություն չեն արել, որ մի հատ էլ մտածեն ոնց անեն իրենց պաշտպանեն»,- հավելեց Սաքունցը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և նրա հետ կալանավորված անձիք մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: